Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետ Բաբակեխյանը գյումրեցի կրիմինալների հետ «ախպերություն» չի՞ անի

Դեկտեմբեր 29,2011 18:51

Այսօր Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող կուսանոցում առաջին անգամ հարցազրույց տվեց տեղի լրագրողներին: Aravot.am-ը նրանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որոշեց հենց իրեն` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալին բերել Շիրակի մարզ, և մի՞թե դժվար չէ մայրաքաղաքից եկած Բաբակեխյանին համակերպվել նոր տեղանքին. վերջիվերջո որոշ ժամանակ է պետք, մինչև նորեկ ոստիկանապետը կծանոթանա տեղի կրիմինալ ուժերին: «Հաշվի առնելով այն, որ ես բավականին երկար ժամանակ աշխատել եմ համակարգում և էդ ձեր ներկայացրած կրիմինալ ուժերին բոլորին շատ լավ ճանաչում եմ, այսինքն՝ համակերպվել կամ ծանոթանալ նման ուժերի հետ, ինձ համար նորություն չէ: Իսկ ինչ վերաբերում է` ինչո՞ւ ես եկա Շիրակի մարզ, չմոռանանք, մենք զինվոր ենք, որտեղ որ կարգադրում են՝ մենք պարտավոր ենք այնտեղ ծառայել»:

Իսկ ի՞նչը կփոխի մարզում նորեկ ոստիկանապետը. «Ես ուզում եմ մարզում աշխատեմ, էնպիսի մի մթնոլորտ ստեղծեմ, որ մեր հանրությունը, մեր ժողովուրդը սիրի ու հարգի ոստիկանին, վերանա ոստիկանի նկատմամբ անվստահությունը»:

Ոստիկանապետը չափազանցություն համարեց այն բնութագրումը, թե Գյումրին քրեականացված է. «Մի քիչ չափազանցրած է: Ես դեռ Երևանում բավականին երկար ժամանակ աշխատել եմ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, իսկ գլխավոր վարչության աշխատանքը կենտրոնացված չէ միայն Երևանում, դա ամբողջ հանարպետությունով մեկ է: Պարբերաբար շփվել և տեղյակ ենք եղել Գյումրվա և հանցագործ և հանցավոր աշխարհի հետ»:

Նկատի ունենալով, որ գյումրեցի բարձրաստիճան պաշտոնյաների որդիները շատ են սիրում «ռազբորկաներ», միշտ պատմություններ են սարքում ու իրենց պաշտոնյա հայրերին ոստիկանության դռներն են ուղարկում` աղերսելու ու գործ ջրելու համար, Aravot.am-ը պարոն Բաբակեխյանին նաև հարցրեց` տեղի կրիմինալը փորձո՞ւմ է նորեկ ոստիկանապետի հետ ծանոթություններ փնտրել ու մտերմանալ: «Ես մի քիչ սառը մարդ եմ էդ առումով, ես ավելի շատ ընդունում եմ այն տարբերակը, որ նմանատիպ մարդկանց հետ ծանոթություններ ինձ պետք չեն»,- կարճ կապեց ոստիկանապետը:

Իսկ թե ինչքա՞ն ժամանակ կպաշտոնավարի Կարեն Բաբակեխյանը Շիրակի մարզում` վերջինս ասաց, որ դա կախված է շիրակցիների ընդունելությունից: «Եթե ես կարողանամ հասնել նրան, որ շիրակցիներն ինձ սիրեն՝ բավականին երկար կմնամ»:

Ի դեպ, նորեկ ոստիկանապետը ևս ցնցված է Շիրակի մարզի բենզամոլների թվաքանակից: Շիրակի մարզ ոտք դնելուն պես՝ նա դիմում է ուղարկել առողջապահության նախարարարությանն ու միջազգային կազմակերպություններին` խնդրելով բենզին սրսկվողների համար հիվանդանոցներից որևէ մեկի բազայի վրա ստեղծել լաբորատորիա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031