Լրահոս
Օրվա լրահոսը

Այրված կնոջ ընտանիքին զրկում են բնակարանից

Հունվար 26,2012 21:04

Ուղիղ  մեկ շաբաթ առաջ Գյումրիում  տեղի ունեցավ դաժան մի մարդասպանություն. նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքում 51-ամյա Գևորգ Թադևոսյանը, ըստ նախաքննության տվյալների, ալյուրի պարկով ու սավանով կապկպելով իր աղջկա ամենամոտ ընկերուհու`  21-ամյա Մարի Դավթյանի ոտքերն ու պարանոցը, ցելոֆանից տոպրակ քաշելով նրա գլխին` սկզբում շնչահեղձ արեց նրան, այնուհետ այրեց դիակը: Պատճառը, իբրև թե եղել է այն, որ Մարին «դուրս է գցել», մարմնավաճառության է մղել Գևորգի դստերը` 19-ամյա Ալվարդին:

Սպանության օրը Մարին եկել է Գևորգենց բնակարան, իր ութ ամսական աղջկան խնամելու պատրվակով դուրս է կանչել Ալվարդին, սակայն վերջինս կողմից մերժվելով` հեռացել է: Գևորգը,  ականջ դնելով  երկու ընկերուհիների զրույցին, և մտածելով, որ Մարին իր աղջկան նորից մարմնավաճռության է մղում, տանից դուրս է եկել, հետևել Մարիին, հասել է  նրա տնակ, բռունցքով հարվածել ծնոտին, որից  երիտասարդ կինը ուշաթափվել է: Դրանից հետո Գևորգը տեսել է  իր սև գործը. անգիտակից վիճակում գտնվող Մարիին   քաշպատառ է արել նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենք, սկզբում շնչահեղձ  է արել, իսկ ավելի ուշ նորից մեկնել դեպքի վայր ու այրել է երիտասարդ կնոջը:

Գյումրեցիներից շատերի գնահատմամբ` մի մարմնավաճառ վերացավ աշխարհից: Մինչդեռ, սոցիալապես  անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքով, կառավարությունը հենց ինքն է դրդել նրան մարմնավաճռության: «22-ամյա աղջիկը ապրել է չքավոր պայմաններում, ես նրա տնակում եղել եմ, մայրը երկու ամիս առաջ  մահացել էր, ու նրա խնամքի տակ էին ութ ամսական երեխան ու 13 –ամյա քույրը: Եթե մարդուն զրկում են նպաստից ու թոշակից, ինչո՞վ պահի էդ երեխաներին, հեշտ  է խոսելն ու մեղադրելը, չէ՞»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա, ավանդապաշտ քաղաքում մարմնավաճառության ծաղկումը  Գյումրիում տիրող աղքատության, անօթևանության, կրիմինալի զարգացման,  ամենաթողության հետևանք է, որի առաջին զոհը դառնում են անպաշտպան մարդիկ, հիմնականում` մանկատան շրջանավարտները:

«Մարիի տնակը հրկիզել էին  նրան վառելուց չորս օր առաջ,  բացահայտ հանցանշաններ են եղել,եթե  ոստիկանությունը իրեն նեղություն տար ու հետաքննություն անցկացներ, անշուշտ կկանխեին  Մարիի սպանությունը, երեխաներ էլ չէին որբանա, թե Մարիի դուստրը, և թե քույրը մնացին անտեր»,- մտահոգված է Վահան Թումասյանը: Վերջինիս տեղեկացնելով, Մարիի ընտանիքը 3 սենյականոց բնակարանի շահառու էր, սակայն ՀՀ օրենքները  նրանց զրկում են բնակարան ստանալու իրավունքից: Բանն այն է, որ Մարիի 13 –ամյա քույրը, անչափահաս լինելու պատճառով, չի կարող ստանալ այդ բնակարանը, նոտարական գրասենյակը անչափահասների հետ գործարք չի կնքում, իսկ նա խնամակալ չունի, նաև ազգականներ չունեն:

Մարիի քույրը գտնվում է  հուսալի ձեռքերում «Տիրամայր Հայաստան» կառույցում, որը Գյումրիում հայտնի  է որպես կուսանոց: «Նրանք բնակարան ստանալու համար բնակբաշխման հանձնաժողովին փաստաթղթեր դեռ չէին ներկայացրել, իմ տեղեկություններով  մեկին պարտք են եղել, որն էլ որպես գրավ վերցրել է նրանց փաստաթղթերը: Այս պահին մեր կազմակերպությունը, Տիրամայր Հայաստանն ու քաղաքաշինություն նախարարությունը եռակողմ բանակցություն են սկսել՝ Մարիի քրոջն ու աղջկան բնակարանից չզրկելու համար, մենք փորձում ենք գտնել նրանց փաստաթղթերը: Իհարկե հիմա կդառնան մեկ սենյականոցի շահառու, բայց և այնպես գլխներին տանիք կունենան: Մենք պիտի նկատի ունենանք, որ մանկատնից դուրս գալուց հետո, եթե աղջիկը գլխին տանիք չունեցավ, նա ևս պոտենցիալ անբարոյական կդառնա»,- ասում է Վահան Թումասյանը:

Նշենք, որ Մարի Դավթյանը մի քանի անգամ գողություններ է կատարել շուրջբոլորի տնակներից ու տներից, հեռախոս է թռցրել, գրքեր, պատի ժամացույցներ, այսինքն ինչ պատահի, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է , քանի որ նրա երեխան  այդ ժամանակ երեք ամսական է եղել:

Մենք Գյումրիի սոցիալական ծառայություններից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են Մարիին զրկել նպաստից: Որպեսզի կարողանային հստակ տեղեկատվություն տրամադրել, մեզնից պահանջեցին նրա սոցիալական քարտի համարը:

«Առավոտը» Մարիի տնակը այրելու հետ կապված փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Գյումրու նորանշանակ ոստիկանապետ պարոն Շաշիկյանից: Սակայն մեզ փոխանցեցին, որ Գյումրի է եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, և պաշտոնյան գնացել է նրա հետ հանդիպման:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031