Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն՝ մատաղացու գառ

Մարտ 01,2012 15:46

Պերկուպերկյանական հնչակյանները երեկ տարածել էին հայտարարություն, որը վերաբերում է վերջին շրջանում ՍԴՀԿ-ի շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ մեղադրվում են կուսակցությունից իբր «7-րդ համագումարով հեռացված» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ նրա թիմակիցները. «Այս աղմուկը, որ բարձրացրել է ՀԱԿ ակտիվիստը , ոչ այլ ինչ է, քան այլ քաղաքական ուժերի կողմից ստացված հերթական պատվեր, որը, սակայն, ունենալու է տրամաբանական ավարտ՝ դառնալու է առ ոչինչՍոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր բնականոն գործունեությունը Հայաստանում՝ ունենալով նաև ՍԴՀԿ աշխարհասփյուռ կառույցների զորավիգն ու աջակցությունը»: Հայտարարությունն արժանացել է լյուդմիլասարգսյանական ՍԴՀԿ-ի անդամ Գուրգեն Եղիազարյանի լիաթոք ծիծաղին: Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով սույն հայտարարությանը, պարոն Եղիազարյանն ասաց, որ վերջին երեք տարիներին քաղաքական դաշտում բոլորը ճանաչել են ՍԴՀԿ մեկ ատենապետի` Լյուդմիլա Սարգսյանին. «Նույնիսկ իշխանական մամուլի ներկայացուցիչները կարող են դա պնդել, եթե, իհարկե, մարդ գտնվեն: Պերկուպերկյան եւ մնացածները, ովքեր հեռացված են եղել կուսակցությունից, նրանց մասին երբեք խոսք չի եղել: էս 3,5-4 տարի որտե՞ղ էին, ինչու չէին երեւում: Այս ընթացքում Սարգսյանը մի քանի հարյուր հարցազրույց է տվել, որպես ՍԴՀԿ ատենապետ: Երկար դեգերումներից հետո սրանց հաջողվեց գրանցել Հնչակյան կուսակցություն: Սկզբից մեզ ասում էին, որ կուսակցության անվանումը չակերտների մեջ է, որ գրանցման ընթացքում խոչընդոտ չլինի, հետո, պարզվեց, որ չակերտներ չկան: Ինչեւիցե»:

 

Քանի որ խորհրդարանական ընտրություններն արդեն շատ մոտ են, այս հերթական պատմությամբ, մեր զրուցակցի համոզմամբ, իշխանությունը նպատակ ունի խժդժություններ մտցնելու, այդ իսկ պատճառով` «սրանց նորից ոտի հանեցին»: Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ, պերկուպերկյանականների բոլոր գործողություններն անօրինական են, հետեւաբար, չեն կարող իրավական հիմք ունենալ:

Լյուդմիլասարգսյանականներն, իհարկե, օրենքով սահմանված կարգով դիմել են պատկան մարմիններին, ոստիկանությունն էլ հետաքննություն է սկսել. «Դե, ի՞նչ անեն, ոնց պետք է, ասենք, շրջանցեն, այսօրվա նախագահի եղբորը, նրա հրահանգներըԷնպիսի հովանավոր կա, իսկ Հայաստանն ընդամենը բռնապետություն է: Կուզեն` օրենքը կշրջանցեն, էսպես կփոխենէս երեխաներն էլ (նկատի ունի պերկուպերկյանական հնչակյաններին- Ն. Գ.) որոշել են հայտարարություններ անել, մի կերպ ոստիկանությանն օգնել: Այդ երեխային (նկատի ունի Գեւորգ Պերկուպերկյանին – Ն. Գ.) սրանք ամեն տեղ դեմ են տալիս, փաստաթուղթ են ստորագրել տալիս: Նա վերջառաջ պատասխան է տալու այն ամենի համար ինչ անում է` անգամ չհասկանալով, թե ինչ է անում»:

Ու քանի որ «պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է», Գուրգեն Եղիազարյանը նշյալ հայտարարությունը հենց այդ «սերիայից» է համարում ու հավելում. «Ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի թիմը հանեց իր նոր զինվորին: Դա մատաղացու գառ ա: Սա շատ պարզ գործարք է ՀԱԿի դեմ: Թակարդ լարելու փորձ են անում: Հերթական ֆարսն ա»:

Իսկ այն, որ պերկուպերկյանականներն այլեւս որոշել են Լյուդմիլա Սարգսյանին անվանել «ՀԱԿ-ի ակտիվիստ», Եղիազարյանն ասում է. «Պատիվ է լինել ՀԱԿի ակտիվիստ: Բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընթացքում պայքարեցին հանուն ազատության եւ արդարության, այդ պատվին արժանացան»:

Մեր զրուցակիցն այսպես եզրափակեց իր խոսքը. «Մարտի 1-ն է. այսօր մենք էլի պահանջ ունենք տարբեր գույնի եւ երանգի մարդասպաններից, բայց այդ անիմաստ թեման ենք նորից շոշափում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031