Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն լրագրողուհիներին շնորհավորեց «խրոխտ ու բարձրահասակ» վարդերով, իսկ ԲՀԿ-ն ՝ «ցածրիկ ու գլխիկոր»

Մարտ 08,2012 14:04

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսեցին ոչ թե քաղաքականությունից , այլ մեծարեցին կանանց: Հ. Սահակյանը մինչ ասուլիսը սկսելը լրագրողուհիներին «բարձրահասակ» կրակագույն վարդեր նվիրեց եւ գլուխ գովելով նշեց, որ չնայած ինքը միշտ հանդիպումներից ուշանում է, բայց այս անգամ նույնիսկ 15 րոպե շուտ է եկել:

Վ. Էնֆիաջյանն էլ, երեւի տոնի կապակցությամբ, կամ որպես շնորհավորանքի նշան, ասուլիսից ուշացավ քսան րոպե: Այս ընթացքում Հովհաննես Սահակյանն անընդհատ սրտնեղում էր ու ասում, թե երբեք չէր սպասի, որ Էնֆիաջյան Վահեին կսպասեր: Նա հայտնվեց ցածրահասակ, փոքր-ինչ գլխիկոր սպիտակ վարդերի փնջով, որոնք հատիկ-հատիկ բաժանեց լրագրողուհիներին:

Երկու բանախոսներն էլ շնորհավորեցին կանանց, սակայն այդպես էլ աչքի չընկան ինքնատիպ շնորհավորանքներով: Հ. Սահակյանը նշեց. «Գարնան այս 8-րդ օրը տղամարդկանց համար կանանց, մայրերին եւ քույրերին արժեվորելու օր է: Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է որպես սիրված մոր, տղամարդու կողքին կանգնող անձնավորության կերպար: Այնպես որ ցանկանում եմ, որ հայ կանայք պահեն իրենց այս դերակատարությունը»:

Վ. էնֆիաջյանն էլ կանանց եւ աղջիկներին ցանկացավ սեր ու երջանկություն: Երբ հարց հնչեց, թե ինչ են այսօր նվիրելու իրենց կանանց, երկու գործիչներն էլ նշեցին, թե իրենց համար ոչ այնքան կարեւոր են նյութական նվերները, որքան լավ տրամադրությունը, կամ մի հետաքրքիր ճաշատեսակ պատաստելը: Երբ հարց հնչեց, թե առաջին անգամ ինչ են նվիրել իրենց մայրիկներին, Վ. Էնֆիաջյանը հիշեց, թե ինչպես է փախել բանակից, որպեսզի ծաղիկներ նվիրի մայրիկին: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորը հիշեց կակաչներով բացիկը: Նա չմոռացավ նաեւ, որ մի անգամ Սպիտակ-Երեւան ճանապարհին դաշտից ձնծաղիկներ է հավաքել ու նվիրել իր կնոջը:

Երբ խոսք եղավ կանանց՝ քաղաքականության մեջ դերակատարության մասին, Հ. Սահակյանը շեշտեց, որ դա չպիտի լինի «միջազգային թիթիզություն գենդերային հավասարության մասին», այլ լինի ինքնաբուխ եւ պարունակի ասելիք: Այնուհետեւ հավելեց. «Հայ կնոջ կերպարը տանը նստած, ճաշ եփող երեխա պահող կերպար չէ»: Իսկ կին-տղամարդ հավասարության մասին խոսելով՝ պատգամավորն ասաց, որ կողմ է հավասարությանը, բայց միեւնույն ժամանակ, հակասելով ինքն իրեն, նկատեց. «Անկառավարելի կին գոյություն չունի, պարզապես լավ կառավարող տղամարդ է պետք»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031