
Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս կուսակցությունում էլ զանգվածային անդամակցության գործընթաց կա՞, թե՞ ոչ, եւ արդյոք ՀՅԴ համամասնական ցուցակում մեր հանրությանը հայտնի երգիչ կամ «դի ջեյներ» լինելո՞ւ են: «Մեր կուսակցության մասնակցությամբ նախկին որեւէ ընտրությունների փորձն ու պատմությունը բոլորին հայտնի է. ընտրություններից առաջ նմանատիպ երեւույթներ, գոնե, մեր կուսակցության պարագայում չեն եղել: Ես չեմ էլ կարծում, որ քաղաքական կուսակցությունն ընտրություններից առաջ պետք է իր գաղափարները տարածելու կամ քարոզչության խաղադրույքը, եթե կարելի է տվյալ դեպքում այս տերմինն օգտագործել, դնի երգիչների, երգչուհիների կամ արվեստի մյուս ճյուղերի իմ կողմից հարգված ներկայացուցիչների վրա: Եթե այս կամ այն արվեստագետն ունի քաղաքական կամ գաղափարական որոշակի հակվածություն կամ նախասիրություն՝ նա կամ այդ կուսակցության անդամը կամ համակիրն է լինում, եւ ընտրություններից առաջ չէ, որ այդ համակրանքը կամ անդամակցության պահանջը սրվում կամ չի սրվում: Մեզ կուսակցությունում նման երեւույթ չի նկատվում, եւ անկեղծ ասած՝ այս պահին մեր խնդիրների ու աշխատանքային գործընթացի մեջ դա չէ, որ կարեւորվում է, որ դրան էլ ուշադրություն դարձնեինք»,- մեր հարցադրմանն արձագանքեց Սպարտակ Սեյրանյանը:
Իսկ արդյոք հանրությանը հայտնի արվեստի գործիչների, մտավորականների ներգրավումը որեւէ կուսակցություն եւ առավել եւս նախընտրական համամասնական ցուցակ այդ կուսակցությունն ավելի գրավի՞չ է դարձնելու: Ըստ դաշնակցական գործչի՝ «այս կամ այն կուսակցությո՛ւնը թող որոշի կամ գնահատի, թե այս կամ այն արվետսագետի ներառումը կուսակցություն կամ համամասնական ցուցակ ի՞նչ կտա կուսակցությանն ու այդ արվեստագետին: Կարծում եմ՝ սա կոնկրետ կուսակցության եւ անձի խնդիրն են, եւ ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»:
Այդուամենայնիվ, Դաշնակցության ներկայացուցչին նաեւ հարցրինք՝ թե համաձա՞յն է այն դիտարկումներին, որ ավելի լավ է ԱԺ-ում երգիչներ կամ արվեստի ներկայացուցիչներ, քան՝ մականունավորներ լինեն: «Իմ կարծիքով, ԱԺ-ում պետք է լինեն քաղաքական գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ժողովրդի մտահոգություններով եւ երկրի օրակարգով ապրող մարդիկ, ովքեր ունեն այսօր մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման առաջարկներ ու տարբերակներ»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:
















































