Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուն ճեղքող ամենագնաց մեքենան Գյումրի հասավ գարնան կեսին

Ապրիլ 05,2012 13:00

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախընտրական այս շրջանում շիրակցիներին ձնագնաց մեքենա նվիրեց ու մի քանի փրկարարների պարգեւատրեց:

Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից 4 օր առաջ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գյումրի էր եկել իրենց գործում աչքի ընկած փրկարարներին 50-հազարական դրամով պարգեւատրելու ու Շիրակի մարզին ամենագնաց մեքենա նվիրելու համար: Նշենք, որ տեխնիկայի այս միջոցը օդ ու ջրի պես էր անհրաժեշտ Շիրակի մարզին. այս մարզը հանրապետության բացառիկ տեղանքներից է, որտեղ տարվա 8 ամիսը խորը ձմեռ է, Աշոցքի ու Ամասիայի ճանապարհները «հավերժ» փակ են, նույնիսկ մահվան դեպքեր են արձանագրվում, քանի որ շտապօգնության մեքենաները չեն կարողանում փրկության հասնել: Տարիներ առաջ նման մի դեպք գրանցվեց Արփա լճի ափին գտնվող Բերդաշեն սահմանամերձ գյուղում. մահացողը հղի կին էր: Ի դեպ, նկատենք, որ Արփա լճի ափին կառուցվող Ազգային պարկը հենց Բերդաշենում է տեղակայված, որը թեեւ պատրաստվում են տուրիստական գոտի դարձնել, սակայն ճանապարհներն այնպիսին են, որ նույնիսկ ամռան շոգին առանց ուղեղի ցնցումների հնարավոր չէ տեղ հասնել: Այս ամենը քաջ գիտակցելով՝ Արմեն Երիցյանը երեկ, ի ցույց շիրակցիների, ամենագնաց մեքենան կանգնեցրեց Գյումրու կենտրոնում՝ Արվեստների ակադեմիայի դիմաց: Սակայն գյումրեցիները ուրախանալու փոխարեն՝ սկսեցին մտորել, թե ինչո՞ւ ձյուն ճեղքող ամենագնաց մեքենան մարզ հասավ գարնան կեսերին, եւ ինչո՞ւ հենց այս նախընտրական շրջանում: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք ուշացած չէ՞ շիրակցիների նվերը, եւ մի՞թե սա ՕԵԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում չէ:

«Միշտ էլ կարելի է ասել՝ ուշացել ենք, բայց մենք անում ենք էն, ինչ կարող ենք անել, եւ պարզվում է, որ եթե դա անեինք մեկ տարի առաջ, էլի ուշացած կլիներ, կասեիք՝ անցած ձմեռ անեիք: Մի խոսքով՝ թող ուշացած լինի, բայց մենք մեր պարտքը կատարում ենք եւ պետք է ավելի շատ տեխնիկապես օգնենք ձեզ բոլորիդ»,- ասաց նախարարը: Նա չհամաձայնեց լրագրողների այն ձեւակերպմանը, թե սա նախընտրական նվեր է, որը արվում է ՕԵԿ-ի ընտրազանգվածին ոգեւորելու համար: «Իմ այցը նախընտրական չէ, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ փրկարարը պիտի փրկի բոլորին, կուսակցական բոլոր՝ էսպես ասած, քարոզչական աշխատանքները պետք է դնենք մի կողմ եւ մենք պետք է կարողանանք փրկարարական աշխատանքով զբաղվել, եւ ազգաբնակչությունը դա պետք է զգա, պետք է զգա, որ դա ընդամենը անում ենք ժողովրդի համար: Ես չեմ կարծում, որ մենք պետք է կապենք ընտրությունների հետ, ամեն ինչ չի կարելի կապել ընտրությունների հետ»,- շարունակեց Արմեն Երիցյանը: Լրագրողներից մեկը շարունակեց համառորեն պնդել, թե ինչո՞ւ Ծաղկուտ գյուղում ու Աղվորիկում ձնաբքի տակ մնացած հիվանդ երեխային ու հղի կնոջը փրկած աշխատակիցներին պարգեւատրեցին քարոզարշավից մի քանի օր առաջ, եւ ինչո՞ւ նախկինում չէին մտածում պարգեւատրումներ անելու մասին: Ի պատասխան՝ նախարարը նեղսրտեց, թե նեղ բյուջեից մի կերպ հարմարեցնում ու պարգեւատրումներ են անում, եւ պետք չէ ընտրությունների հետ կապել: Նա նաեւ վստահեցրեց, որ իր՝ նախարար լինելու երկու տարվա ընթացքում բազմիցս խրախուսել է իրենց գերատեսչության աշխատակիցներին:

«Առավոտ»-ը ՕԵԿ-ի համամասնական ցուցակում գտնվող Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե պատգամավոր ընտրվելու դեպքում օրենսդիր աշխատա՞նքը կգերադասի, թե՞ գործադիրը:

«Ընդհանրապես ես գերադասում եմ գործադիրը, բայց եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես պետք է օրենսդիր լինեմ, կարծում եմ, որ իմ խելքն ու հմտությունը հերիքում են, որովհետեւ ես իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր եմ եւ կարող եմ օգտակար լինել որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, բայց իմ տեսլականը գործադիրն է»: Ի դեպ, թե՛ նախարարը եւ թե՛ մարզային իշխանությունների ներկայացուցիչները մի քանի անգամ շեշտեցին, որ Արմեն Երիցյանը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է, 30 տարվա մտերիմը, սակայն նշենք, որ ամենագնաց մեքենայի ցուցադրաբար հանձնելու արարողությանը Աշոտ Գիզիրյանը չէր մասնակցում, նախարարին դիմավորելու էր եկել փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30