Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս դերասանները կփորձեն պատասխանել, թե ինչ են ուզում տղամարդիկ

Ապրիլ 12,2012 16:22

«Հայաստանի թատերական գործիչների միության» նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով՝ ռուս դերասաններից բաղկացած թատերախումբն այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կցուցադրի «Ի՞նչ են ուզում տղամարդիկ» ներկայացումը: Ռուս հեղինակ  Ալեքսանդր Գարնիի պիեսը փորձում է պատասխանել բոլոր ժամանակներին հատուկ հարցին՝ ի՞նչ են ուզում տղամարդիկ, ներկայացնելով կնոջ եւ տղամարդու սիրային հարաբերությունները, որոնց զարգացման գլխավոր «մեղավորը» տղամարդն է:

Լրագրողների հետ հանդիպմանը դերասան Իվար Կալնինշը նշեց, որ սյուժեն արդիական է եւ հատուկ բոլոր ազգերին. «Պիեսը հնարավորություն է տվել միավորել տարբեր դերասանների, իսկ ներկայացվող տղամարդու ցուցաբերած մոտեցումները հավերժական հարցեր են»:

Ելենա Վորոբեյի համար գլխավոր հերոսուհու դերն առաջինն է: Դերասանուհու կարծիքով՝ տղամարդն ուզում է իրեն Աստված զգալ, իսկ երկրպագող էակը ցանկալի է, որ լինի կինը. «Իսկ եթե ոչ, տղամարդը փնտրում է այնպիսի մեկին, ով կգնահատի իրեն եւ կպարգեւի թռիչքի զգացողություն: Նրանք սեր են ուզում, ինչպես եւ կանայք»,-ասաց Ե. Վորոբեյը: Նա հավելեց, որ գենդերային հավասարության տեսանկյունից  կանայք իրենց կյանքում հաճախ տղամարդկանց դեր են ստանձնում. «Բայց անկախ ամեն ինչից, կանայք ուզում են կին մնալ»:

Ռուսական ֆիլմերից աստիճանաբար թատերական կյանք վերադարձած դերասանուհին դեռեւս ուսանողական տարիներից սկսած՝ ցանկացել է ապացուցել, որ յուրաքանչյուր դեր կարելի է հետաքրքիր խաղալ: «Միշտ երազել եմ որեւէ գլխավոր դեր ստանձնել… Մեզ համար այս երեկոն պատասխանատու է, իսկ երեւանյան հանդիսատեսի ճաշակի հարցում կասկածներ չունեմ»,-ասաց Ե. Վորոբեյը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30