Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ժողովրդի ճաշը պատրաստ է»

Ապրիլ 25,2012 12:41

Պատգամավորի թեկնածու Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ մեր հասարակությունը նման է կաթսայում եփվող մսի, որի արնաջուրը մաքրելու համար մի հատ մեծ շերեփ է պետք:

«Բնության մեջ մի երեւույթ կա՝ մեղրի վրա էլ են հավաքվում, լեշի վրա էլ. այ, մեր դժբախտությունն այն է, որ հավաքվողները հավաքվելու են, բայց իմ հիմնական ընտրազանգվածն ուրիշ է՝ նրանք այլ կերպ են մտածում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես գնահատեց իր հաղթելու շանսերը թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մանվել Եղիազարյանը, ով, ինչպես ինքն ասաց, ավելի շատ հայտնի է որպես արցախյան ազատամարտին մասնակցած՝ Արաբոյի Մանվել:

Այս նույն ընտրատարածքում պարոն Եղիազարյանի մրցակից թեկնածուներն են ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) եւ ՀԱԿ-ից՝ Արշակ Բանուչյանը: Իսկ թե ո՞ւմ է իրապես մրցակից համարում՝ հարցին պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Միակ մրցակիցս անօրինականությունն է, ուրիշ մրցակից չունեմ»: Այսօր այդ ընտրատարածքի թեկնածուները բավականին մեծ գումարներ են ծախսում՝ պաստառների ու քարոզչության վրա, իսկ Մանվել Եղիազարյանն այս առնչությամբ, իր իսկ խոսքերով ասած՝ չի ուզում նկարը մեծացնի ու փակցնի պատերին՝ իրեն ճանաչելու համար. «Այդ գումարներով ավելի լավ բան կանեմ: Ավելի շուտ կօգնեմ այս կամ այն ազատամարտիկին, մի հայրենանվեր գործ կանեմ, դրանից բացի՝ ես ոչ մի գործ չունեմ Հայաստանում, որ ասեմ՝ ֆինանսներ եմ ստեղծում, որ նկարս բռնեմ կպցնեմ պատերին: Մեր նկարը պիտի լինի հայ ժողովրդի մտքի մեջ: Մի անգամ մի աղջիկ ասաց՝ մենք 11-րդ ընտրատարածքում հարցում արեցինք, ոչ ոք ձեզ չի ճանաչում: Ասացի՝ ճիշտ եք ասում, ո՞վ է ճանաչում Մանվել Եղիազարյանին, ես ե՞րբ եմ ելույթ ունենում հեռուստատեսությամբ կամ նկարս մի տեղ փակցնում, բայց դուք հարցրեք՝ Արաբոյի Մանվելին ճանաչո՞ւմ եք, ժողովուրդ, թե՞ ոչ: Ամեն մարդ իր գնահատականն է ստանում, ուզում ես՝ հազար հոգով եղիր, ուզում ես՝ 10, գնահատականը մեկն է՝ դա հանրության գնահատականն է: Արցախյան պատերազմի ժամանակ իմ ձեռքի տակ կար լավ զորք՝ Արաբո ջոկատը, ունեցել եմ Գերագույն խորհրդի մանդատ, ես ինձ պահել եմ որպես հասարակ քաղաքացի: Ես չեմ փորձել ձերը վերցնել կամ ինձ վեր դասել ձեզանից»: Մյուս թեկնածուները ակտիվ քարոզարշավ են անում, եւ օրինակ՝ ՕԵԿ-ն էլ մարդկանց հրամցնում է իր արած գործերը եւ նոր բաներ խոստանում՝ կենսաթոշակների բարձրացում, ավանդների վերադարձ եւ այլն, իսկ Մանվել Եղիազարյան թեկնածուն քարոզարշավ չի իրականացնում՝ մեր այս դիտարկմանն էլ պարոն Եղիազարյանն ասաց. «ՕԵԿ-ը շատ ճիշտ է վարվում: Ասեմ՝ ինչու. եթե մի մարդ ձեզ խաբում է՝ դու մեղավոր չես, եթե նույն մարդը ձեզ 2-րդ անգամ է խաբում՝ արդեն մեղավորը դու ես: Չեմ ուզում վատ բաներ խոսել, բայց… ՕԵԿ-ը եղել է իշխանություն, ի՞նչ է արել: Իմ մարտական ընկերը՝ թեւը, ոտքը պոկված, 35 հազար թոշակ է ստանում: Ե՞րբ են բարձրացրել կամ բարձրացնելու թոշակը, եւս 5 կամ 9 տարի՝ այդ մարդը կմահանա: Մարդիկ արդեն պետք է տարբերեն ու հասկանան, որ ամեն առարկա իր անունով կոչելու ժամանակն է եկել: Մարդիկ էլ կան՝ խոսում են ալան-թալանի մասին, որը ինքն էլ պակաս չի արել, ու ժողովուրդը կանգնում, ասում է՝ մենք պիտի վերջ տանք դրան: Իմ չընտրվելն ինձ համար ցավ չէ, բայց ցավ է, եթե ընտրվեմ ու ժողովրդի համար ոչ մի լավ բան չկարողանամ անել ու վարկաբեկվեմ»:

Պարոն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ վստահ չէ, որ արդար ընտրություններ են լինելու, իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ է առաջադրվել, այսպես պատասխանեց. «Չպայքարել, նշանակում է՝ տանուլ տալ: Եթե ես պայքարում եմ, ուրեմն հաղթելու շանս ունեմ: Պարտվելուց էլ չեմ վախենում. է՜, հիմա մենք պարտված ենք, էլի, ժողովուրդը թողնում-գնում է Հայաստանից: Մենք քանի անգամ ենք ասել՝ բավական է, վերջ տվեք անօրինականություններին, մենք այս երկրում պիտի ապրենք, չգիտենք, թե ի՞նչ պիտի լինի մեր վերջը, այսպես ինչքա՞ն կարող ենք ապրել: Այս ընտրությունները օրինական երկիր սարքելու միակ ճանապարհն են: ԱԺ-ում 131 տեղ կա. մենք այդքան ազնիվ մարդ չունե՞նք, եթե չլինի՝ ուրեմն երկիրը կդատարկվի: Վերջապես, եթե մի ժողովուրդ չունի 100-200 մարդ, որ երկիրը կարգի բերի, այդպիսի ժողովրդին ոչ թե եղեռն, այլ սատկացնել է պետք: Իսկ մենք հաստատ ունենք այդքան մարդ»: Պատգամավորի մանդատ ունենալու դեպքում էլ, պարոն Եղիազարյանի վստահեցմամբ, կլրացնի այն ուժին, որը, իր խոսքերով ասած՝ կապ չունի՝ ընդդիմություն է, թե իշխանություն, հայրենանվեր գործ կանի. «Ինձ անձնական ոչինչ պետք չէ: Ինձ համար արդեն ուշ է վատը լինել: Իսկ այսօր ստացվել է մի միավոր, խոսքը բոլոր կուսակցությունների մասին է, կարծես թե հավաքվել են բարեկամներով, հարց են ուզում լուծել, ժողովրդի վստահված անձինք էլ դուրս են մնացել: Երբ լրացնում են կուսակցությունը, պետք է հավաքվեն ի շահ ժողովրդի, որպեսզի մի բան ստացվի»: Պարոն Եղիազարյանը թեեւ չի հավատում, որ օրինական ընտրություններ կլինեն, բայց ընտրությունների շեմին մի լավ բան է նկատել. «5 տարի առաջ որ ասում էին՝ 5-10 հազար բաժանել, սկսում էր աժիոտաժը, ու մարդիկ վազում էին: Այս տարի քիչ է. դա հասարակության հասունացման մասին է խոսում: Միեւնույն է՝ ժողովուրդը երկիր է սարքելու: Մեր ճաշի միսը եռացել է, էն վերեւի արնաջուրը մաքրելու համար մի հատ մեծ շերեփ է պետք: Հայ ժողովրդի ճաշը պատրաստ է: Ես ուզում եմ իրար հարգել, սիրելով՝ ժողովուրդ լինենք: 10 միլիոն հայ ենք, էդ ի՞նչ է, որ իրար չհարգենք: Այսօր ուժեղ, աշխատող մարդն է գնում Հայաստանից, հիվանդ մարդիկ են մնում, էն հայրենասեր մարդն էլ, որ մինչեւ հիմա համբերել է, էդ էլ կգնա, եթե արդար ընտրություններ չլինեն. ինչքա՞ն նստեն սպասեն, որ մեր այրերը ուտեն՝ կշտանան, որ հետո ժողովրդի մասին մտածեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30