Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում

Հունիս 05,2012 16:26

Օրերս Արամ  Խաչատրյանի  անվան համերգասրահում ԵՊԿ-ի Կ.Սարաջևի  անվան ուսանողական  սիմֆոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր`  Ռուբեն Ասատրյանը  վերջին անգամ  էր փորձում Ա. Տերտերյանի երրորդ սիմֆոնիան: Մթնոլորտը տոնական էր:  Բոլորը թաքցնում  էին  իրենց  հուզմունքը և լավատեսորեն  սպասում էին համերգին, իսկ մեներգիչները  և նվագախմբի  մի  խումբ  ուսանողներ` իրենց  դեբյուտին: Ծրագիրը  բավականին  բարդ և բազմազան  էր,  քանի որ  այն  ընդգրկում էր  տարբեր   դարաշրջանների, ժանրերի,  ոճերի  երաժշտություն: «Ամեն  տարի  մի  խումբ  ուսանողներ, ավարտելով կոնսերվատորիան,  հեռանում   են նվագախմբից, նրանց  փոխարեն  գալիս  էին  նորերը;  Դա  նշանակում  է  սկսել  ամեն  ինչ  նորից: Այսօր մենք  պատրաստ  ենք  համերգներով  շրջագայել  Հայաստանի  տարբեր  քաղաքներ,  սակայն  դրա  համար  չունենք միջոցներ»,- համեստորեն  ասում էր  պարոն Ասատրյանը: Ես հասկացա, որ իմ զրուցակիցս  այն  բացառիկ մարդկանցից  է,  որոնք  անչափ  սիրում  են  hայրենիքը,  հայ երաժշտությունը, որոնք անչափ  սիրում են  իրենց սաներին և  իրենց առաքելությունը տեսնում են այն  զարգացնելու, կրթելու, փորձն ու գիտելիքները  փոխանցելու գալիք սերնդին: Համերգի առաջին բաժնում  ներածական  խոսքով ելույթ  ունեցավ կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանողուհի` Սոնա Անդրիասյանը: Ժամանակակից տեխնիկա, որտեղ առաջնակարգ տեղ է տրվում հնչյունին, իր միկրոաշխարհով, և տեմբրին: Դրամատուրգիա, կառուցված բևեռային իրավիճակների կոնֆլիկտից, էպիկանություն և էկսպրեսիա, տիեզերական մաշտաբի կատակլիզմներ և սուբեկտիվիզմ: Ահա այսպիսին է Ա. Տերտերյանի երրորդ սիմֆոնիան: Այն կատարելու համար պահանջվել  է երկարատև աշխատանք և պրոֆեսիոնալիզմ:

Համերգի երկրորդ բաժինը սկսվեց թեթև, փայլուն, ոգեշնչված վալսի ռիթմով Վիոլետայի և Ալֆրեդի կենաց երգով: Այն կատարում էին երրորդ կուրսի ուսանողներ` Նունե Գրիգորյանը և Լիպարիտ Ավետիսյանը:

Դուետից հետո հնչեց Ժ. Բիզեի  «Կարմեն» օպերայից ինտրոդուկցիան, Կարմենի «Հաբաներան» մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի` Ռուզաննա Անանյանի կատարմամբ, որը աչքի ընկավ կերպարի նոր, հետաքրքիր մեկնաբանմամբ, դերասանական ձիրքով: Գեղեցիկ, ուժեղ, անկախ, նույնիսկ անհնազանդ ու կամակոր կերպարում զուգորդվում էին քնարականությունը և ազատասեր ու հպարտ ոգին:

Համերգը ավարտվեց Մ. Ռավելի «Բոլեռո»-յով, որի իսպանական «զուսպ, գողտրիկ» թեման աստիճանաբար վերածվում է հսկայական էկսպրեսիայով հագեցված լույսի և երջանկության օրհներգի: Համերգը ունեցավ մեծ հաջողություն, որի մասին վկայում էին երկարատև օվացիաները: Մնում է միայն շնորհակալություն հայտնենք պարոն Ռ. Ասատրյանին նման գեղեցիկ համերգ կազմակերպելու համար: Ցանկանանք մաեստրոյին և ուսանողական նվագախմբին ստեղծագործական հաջողություններ, բացահայտումներ և կատարողական նորանոր բարձունքների հաղթահարում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՄԿՐՏՉՅԱՆ
երաժշտագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930