Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր արժանիքների եւ այդ ի՞նչ փայլուն աշխատանքի համար իր պաշտոնին մնաց ՀՀ վարչապետը։ Թվում է՝ վերջին հինգ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը միայն հետընթաց է ապրել, եւ տարրական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նա պետք է իր տեղը զիջեր որեւէ այլ՝ ավելի կոմպետենտ մեկի։ Բայց քանի որ մեզանում բոլոր չափանիշները խախտված են, վարչապետ աշխատելու միակ չափանիշը մնացել են Սերժ Սարգսյանի կամքն ու Հանրապետականի որոշումը։ Այնպես, ինչպես ցանկացած մակարդակի պաշտոնյայի պաշտոնավարման չափանիշը ընտրություններում նրա բերած ձայներն են ու հավատարմության, նվիրվածության աստիճանը։ Ասենք, ինչպե՞ս պատահեց, որ մի քանի ամիս առաջ անվստահություն առաջացրած անձը, որին չզլացան խորհրդարանի ավարտից մոտ վեց ամիս առաջ հետ կանչել ԱԺ նախագահի պաշտոնից, հանկարծ արդարացրեց իրեն եւ արժանացավ կրկին այդ աթոռին նստելու պատվին։ Պատճառը նորից պետք է փնտրենք իշխանավորների ներանձնային հարաբերությունների, ընտրություններում նշված անձի դերակատարման մեջ։ Կամ՝ ո՞րն է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երկարակեցության գաղտնիքը։ Ի՞նչ է, բնությունը նրա օրոք Հայաստանում ծաղկե՞լ է, բնապահպանական բոլոր խնդիրները լուծվե՞լ են, բնապահպանական հզոր ծրագրե՞ր են իրականացվել։ Անշուշտ՝ ոչ։ Այստեղ եւս բոլորովին այլ պատճառներ կան։ Մեզ՝ շարքային մահկանացուներիս ոչ հասու։ Նորմալ երկրներում կառավարությունը հաշվետու է հասարակությանը՝ կախված ընտրովի մարմնից։ Մեզանում անգամ ընտրովի մարմինը կախված չէ հասարակության կամքից ու վերաբերմունքից։ Հենց դրա արդյունքում է ստեղծվել այս վիճակը, երբ ամեն ինչ ու բոլորը պայմանավորված են երկրի նախագահի ճաշակով, հայացքներով, նախասիրություններով ու կամքով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: