Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կապանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել նախագահին ու վարչապետին

Հուլիս 30,2012 19:10

Կապանում կրկին աղմուկ է հասունանում քաղաքին սնուցող ջրահավաք ավազանի մերձակա տարածքում կատարվող գործողությունների հետ կապված:

Նախորդ թողարկումներում տեղեկացրել էինք, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն, որն ունի երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա, Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերեւակում կոչվող գործունեության իրականացման վայրում հետագա հետախուզական աշխատանքների կատարման համար սկսել է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Վերակառուցում է ճանապարհ` հետագայում տեխնիկայի աշխատեցման համար, որի ընթացքում ճանապարհաշինարար տեխնիկան անցնում է Կապան քաղաքի խմելու ջրի ջրահավաք ավազանի սանիտարական գոտով:

Բարձրացված աղմուկից, խնդրին հնչեղություն տալուց հետո տեղական պատասխանատու կառույցների ձեռնարկած քայլերի եւ ընկերության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում` դադարեցվել են ջրահավաք ավազանի տարածքում ամեն տեսակի շինարարական աշխատանքները:

Սակայն վերջին օրերին ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ այդ տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն վերսկսել է աշխատանքները: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղից հաստատել են տեղեկությունը եւ նշել, որ ընկերության պատկանող տեխնիկան ամեն օր անցնում է մինչեւ մաքրման կայան հասնող ջրերի միջով: Իսկ ընկերությունից հերքում են ասվածը եւ նշում, որ իրենց կողմից այդ հատվածում ոչ մի աշխատանք չի տարվում:

Խնդրով մտահոգ Կապանում գործող հասարակական կազմակերպությունները եւ լրագրողները շարունակում են հարցն իրենց ուշադրության կենտրոնում պահել: Հ/կ-ները առաջիկայում պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին ու վարչապետին, որպեսզի որոնողական աշխատանքները դադարեցնելու անհապաղ միջոցառումներ ձեռնարկվի եւ կասեցվի Աջաբաջ գյուղի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը: Կապանցիներին խիստ զայրացրել է, թե ինչպե՞ս են լիցենզիա տրամադրել եւ ի՞նչ են մտածել լիցենզիա տրամադրողները, երբ այդ լիցենզիան հատկացրել են Սյունիքի մարզկենտրոնի 40 հազար բնակչությանը սնուցող խմելու ջրի ջրահավաք ավազանում` վտանգելով ամբողջ քաղաքի բնակչության առողջությունը:

Խնդրի մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031