«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
– Այս ընթացքում Իսրայելում դժգոհել են, թե դաշնակից ԱՄՆ-ն «ծախում» է իրենց, թեեւ Նեթանյահուն հրամայել է բանակցությունների ընթացքում դադարեցնել Լիբանանին հարվածելը, պայման, որը դրված է ամերիկա-իրանական համաձայնագրի հիմքում։ Կկարողանա՞ Թրամփը դուրս գալ հրեական լոբբինգի ազդեցությունից, չնայած արտաքուստ ներկայացվող լարվածությանը Իսրայելի ղեկավարության հետ։
– Սա ամենակարեւոր հարցն է, որի պատասխանից կախված է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջողելու կամ ձախողվելու մասին որեւէ դատողություն։ Ինչպես արդեն նշեցի, խաղաղ լուծումը սպառնալիք է Իսրայելի համար։ Մասնավորապես, ոչ միայն կարելի է մոռանալ ռեգիոնալ հեգեմոնիայի՝ Իսրայելի հավակնությունների մասին, ինչը, իմ խորին համոզմամբ, այս պատերազմի գլխավոր պատճառն էր, այլ նաեւ դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են ավարտին հասցնել Գազայում սկսածն ու դուրս մղել պաղեստինցիներին Գազայից ու Արեւմտյան ափից կամ ոչնչացնել նրանց, ինչն արդեն երկար ժամանակ նրանք համարում են անխուսափելի եւ իրականանալի, եթե Իսրայելը պետք է շարունակի գոյություն ունենալ որպես հրեական պետություն` առանց հենվելու ապարտեիդի մոդելի վրա։ Իսկ դա այսօրվա Իսրայելում կարող է հանգեցնել լուրջ ներքին անկայունության։ Հետեւաբար, Իսրայելն ու ԱՄՆ-ում Իսրայելի շահերը պաշտպանող հզորագույն լոբբին ամեն ինչ անելու են, որպեսզի խանգարեն համաձայնության կայացմանը։ Սակայն, միեւնույն ժամանակ, բոլորովին հստակ չէ, թե այդ համաձայնության նրանց առաջարկած այլընտրանքը որն է։ Բացի այդ, ես իրենց փոխարեն խիստ տագնապած պիտի լինեի ԱՄՆ-ում ահագնացող հակաիսրայելական ու հակահրեական տրամադրություններից։ Իհարկե, նրանք տակավին շատ մեծ ազդեցություն ունեն քաղաքական վերնախավերի ու համակարգի վրա, բայց ի վերջո նշածս հանրային տրամադրությունները միայն հանրային տրամադրությունների մակարդակում չեն մնալու։ Դրանք քաղաքական հետեւանքներ են ունենալու, ու որքան կատաղի լինի դիմադրությունը, որքան ամբարտավան լինի լոբբին իր վարքագծում, այդքան ավելի աղետալի են լինելու հետեւանքները, երբ դրա դիմադրությունը կոտրվի։ Թրամփը՝ ինքը, արդեն «շլինքը լոբբիի կրնկի տակից» հանելու նշաններ է ցույց տալիս։ Վերջերս Թրամփի ու Նեթանյահուի հեռախոսային զրույցների մասին առնվազն երկու արտահոսք եղավ, որտեղից տեղեկանում ենք, որ Թրամփն սկսել է սպառնալիքներ տեղալ Նեթանյահուի վրա ու խիստ պահանջներ ներկայացնել։ Շատ ուշագրավ էր նաեւ փոխնախագահ Վենսի վերջին ելույթներից մեկը, որտեղ նա բաց տեքստով խոսում էր այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ Իսրայելի հետ, եթե վերջինս զրկվի ամերիկյան աջակցությունից։ Սա է իրավիճակը, ու հնարավոր է, որ Իսրայելում սկսեն հասկանալ, թե իսկապես իրենց հետ ինչ կկատարվի, եթե նրանք կորցնեն ԱՄՆ-ի աջակցությունը, չնայած Իսայելի քաղաքական համակարգն ու վերնախավն այն աստիճանի են այլանդակվել, նրանք այն աստիճանի են կորցրել չափի ու վտանգի զգացողությունը, որ նման շրջադարձ կանխատեսելը հեշտ չէ։
– Իսկ ի՞նչ կարող է տալ իրանա-ամերիկյան թնջուկի խաղաղ հանգուցալուծումը մեր տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին, հաշվի առնելով TRIPP-ի նկատմամբ Թեհրանի վերապահումները, ինչպես նաեւ՝ թուրք-ադրբեջանական գործոնը։
Կարդացեք նաև
– Եթե նման հանգուցալուծում լինի, այն չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանում առկա բալանսի վրա։ TRIPP-ն ակնհայտորեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նախագիծ է։ Դրա վատ քողարկված կամ իրականում ընդհանրապես չքողարկված նպատակներից մեկը Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից մեկուսացնելն է։ Շատ դժվար է պատկերացնել, որ այն որեւէ խմբագրման չի ենթարկվելու Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կրած պարտությունից հետո, այն դեպքում, երբ Իրանը պահանջում է էվակուացնել Ծոցի ամերիկյան ռազմաբազաները, երբ այդ ռազմաբազաները շատ ավելի կարեւոր են ԱՄՆ-ի համար, քան՝ TRIPP-ը։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































