Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը մերն է» շարժումը կառաջարկի բարոյական, մաքուր, կաշառք չուտող ավագանու թեկնածուների ցուցակ

Հուլիս 31,2012 12:49

Գյումրիում «Քաղաքը մերն է» շարժումը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին ներկայացնել ավագանու թեկնածուների մի ցուցակ, որտեղ ընդգրկված մարդիկ առավել ընդունված կլինեն գյումրեցիների կողմից: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախաձեռնող անդամ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այսօր 12-րդ ժողովն են անելու, որտեղ հաստատելու են իրենց թեկնածուի վարքականոնը, թե նա ինչ կարող է անել եւ ինչ իրավունք չունի անել. «Հնարավոր թեկնածուների ցանկն են հաստատելու` խոսքը 20-25 հոգու մասին է, որոնց լուսանկարները , կենսագրությունը հրապարակելու են, որպեսզի հանրությունը սկսի քննարկել, քննադատել, առաջարկել, կարծիք հայտնել այդ մարդկանց մասին, որպեսզի մենք ամենաուշը ամսի 6-ին եզրակացության գանք, թե այդ 25 հոգուց որ 10-12-ին առաջարկենք` որպես թեկնածու, հանրային կարծիքից ելնելով: Այս շարժումը նպատակ ունի ավագանին հզորացնելու եւ դարձնելու գերիշխող` քաղաքապետի եւ քաղաքապետարանի համակարգի նկատմամբ, ինչպես նախատեսվում է օրենքով: Ավագանին ուզում ենք ավելի վերեւ հանել, քան քաղաքապետի հաստատությունն է»:

Շարժման նախաձեռնած հնարավոր թեկնածուների ցանկում ընդգրկվել են մարդիկ այս սկզբունքով` մարդիկ, որոնք իշխանություն երբեք չեն եղել, մարդիկ, որոնք խառնված չեն կոռուպցիոն եւ հանցագործ որեւէ գործարքի, «աղտոտված» չեն եւ այլն: Լեւոն Բարսեղյանի խոսքերով` «Եթե կա ինչ-որ բան, որ մենք խաբար չենք, ժամանակն է, որ հանրությունը ասի մեզ, ինչպես կաթոլիկ եկեղեցում, թե մեկը կա դեմ է` հենց հիմա ասեք, հետո ուշ կլինի: Մեր իմանալով` մեր մեջ այդպիսի մարդ չկա, որ խառնված լինի ընտրակաշառքի, հանցագործ որեւէ կառավարման մեջ: Իրենց գործի մեջ տեղական հեղինակություններ են, տարբեր հաջողություններ ունեցող»:

Օրինակ, ցուցակում ընդգրկվել են փաստաբան Թամարա Յայլոյանը, Վահան Թումասյանը «Շիրակ կենտրոն» հ/կ-ից, ազգագրագետ, Մանկավարժական ինստիտուտի դասախոս Արտաշես Բոյաջյանը, «Օրհուսի» Գյումրու գրասենյակի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը , տնտեսագետ Կարեն Պետրոսյան, ինքը` Լեւոն Բարսեղյանը եւ այլք:

Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ ուզում են քաղաքում տեղական ինքնակառավարումը դարձնել թափանցիկ, հաշվետու` հասարակությանը, եւ մտադիր են գրավել ավագանու 21 տեղից գոնե կեսը: Շարժումը չունի ղեկավար մարմին, ոչ մեկն իրավունք չունի հանդես գալ շարժման անունից, որոշումները կայացվում են կոնսենսուսով. «Սա 12 արվա գաղափար է: Ամեն անգամ փորձել ենք հասկացնել իշխանություններին,քննադատել ենք, մոնիտորինգ ենք արել` ոչ մի արդյունք չի ստացվել: Ավագանու ներկա-բացականերն ենք հանել` խայտառակ պատկեր է ստացվել, 15 հոգուց 8-ը անցած 4 տարիներին բացակայել է տարեկան նիստերից կեսից ավելին, իսկ սա նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունները պիտի դադարեցված լինեին, այսինքն` պիտի վաղուց ունենայինք ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու անդամ կա` հիմա քաղաքապետարանում գործադիր պաշտոն ունի: Ավագանին 16 տարի եղավ` նստավայր չունի: Ասում են` մեզ մարդիկ որ ուզեն` կգտնեն: Մարդ ունենք` 3 տարի չի եկել ավագանու նիստերին, մարազմատիկ, խայտառակ վիճակ է: Ժամանակն է ասել` տղե’րք, այսպես չեն աշխատում, չէի՞ք ուզում ընտրվել ավագանու անդամ` չընտրվեիք, կամ ընտրվել եք, 3 տարի չեք գնում նիստի` հայտարարություն արեք, դուրս եկեք: Քաղաքապետարանն ասում է` գոնե մի 8 հոգի ճարենք` նիստ անենք, որ քվորում լինի: Ավագանին պետք է գործ անի, եւ խոսքը կոնֆետ, բացիկ-մացիկ, դպրոցականներին բանտիկ նվիրելու մասին չէ, քաղաքը լուրջ խնդիրներ ունի, որոնց լուծում է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031