Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում են անկախանալ Ֆինլանդիայից՝ իրենց մայրենի լեզուն պահպանելու նպատակով

Օգոստոս 08,2012 22:21

Ալանդների պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը

Ալանդյան կղզիների 30 անդամ ունեցող խորհրդարանում, ուր ներկայացված են քաղաքական 6 ուժեր, 3 ներկայացուցիչ ունի «Ալանդների ապագա» կուսակցությունը, որը ցանկանում է անկախանալ Ֆինլանդիայից: Այս խմբակցությունն արժանահիշատակ է նաեւ նրանով, որ նրա անդամ է Ալանդների պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը: Աքսել Ջոհաննես Ջոնսոնը, որի եւ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի հանդիպմանը ներկա էինք այսօր՝ այս տարի մարտի 8-ին նշել է իր 20-ամյակը:

Եվ չնայած իր երիտասարդ տարիքին՝ պատգամավոր Աքսել Ջոնսոնը բավական լրջմիտ դիվանագետի պես էր պատասխանում հարցերին: Ասենք, աջակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղին եւ ընդհանրապես անկախացման ձգտող երկրներին: Սակայն երբ նկատի ունենալով, որ Ֆինլանդիան չի ճանաչում ԼՂՀ-ն եւ ընդհանրապես՝ չի աջակցում նախկին Խորհրդային Միության տարածքում գործող անջատողական շարժումներին, հետաքրքրվեցինք, թե այս հարցում է՞լ են դեմ կառավարության դիրքորոշմանը՝ պատասխանեց, որ իրենք չեն քննարկում արտաքին քաղաքական հարցեր: Ալանդների խորհրդարանը գերազանցապես քննարկում է կրթական, առողջապահական խնդիրներ կամ, ասենք, թե ինչ տուգանքներ կիրառել օրինախախտումների դեպքում: Դե, այսպիսի երկիր է սա՝ անգամ բանտ չունի, միայն ժամանակավոր պահման մեկուսարան: Քանի որ հիմնականում զանցանքները մեքենան հարբած վարելն է, իսկ ինչ-որ լուրջ դեպքերի պարագայում հանցագործներին ուղարկում են «նստելու» Ֆինլանդիա:

Սակայն անդրադառնանք, թե ինչու է «Ալանդների ապագան» իր երկրի վաղվա օրը պատկերացնում Ֆինլանդիայից դուրս: Դրա համար հարկ է մի փոքրիկ պատմական ակնարկ կատարել: Ալանդների լեզուն եւ մշակույթը մշտապես եղել է շվեդական, թեեւ այս կղզիները մեկ պատկանել են Շվեդիային, մեկ Ռուսաստանին, մեկ Ֆինլանդիային: 1917-ին Ալանդներում հանրաքվե է անցկացվել, թե ում են ցանկանում պատկանել, եւ մեծամասնությունը արտահայտվել է Շվեդիայի օգտին: Եվ քանի որ ոչ Շվեդիան, ոչ Ֆինլանդիան չեն ցանկացել հրաժարվել Ալանդներից՝ հարցի լուծումը փոխանցվել է Ազգերի լիգային, որն էլ որոշել է, թե այս կղզիները պետք է անցնեն ֆիննական ենթակայության ներքո, սակայն իբրեւ ինքնավար մարզ՝ պաշտպանելով շվեդերենը, մշակույթը, ավանդույթներն ու ապրելակերպը:

Անցած տարիների ընթացքում սակայն ակնհայտ է դարձել, որ Ֆինլանդիան, ըստ «Ալանդների ապագայի»՝ չի կարող կամ չի ցանկանում կատարել տված խոստումները: Օրենքի համաձայն՝ Ֆինլանդիան ունի երկու պաշտոնական, համահավասար գործող լեզուներ՝ շվեդերենն ու ֆիններենը: Բայց ֆիններենը գնալով գերակայող է դառնում՝ նաեւ բնական պատճառով. Ֆինլանդիայի մեծամասնությունը ֆիններ են, եւ դա է նրանց մայր լեզուն: Եվ Ալանդների կառավարությունն ու խորհրդարանն, ասենք, գործնականում չեն կարող հաղորդակցվել ֆիննական իշխանության հետ շվեդերեն, թեեւ այդ իրավունքը երաշխավորված է: Նույնը վերաբերում է նաեւ առեւտրին, կրթությանը, համակարգչային ծրագրերին եւ այլն: «Շվեդերենն Ալանդներում դառնում է ընտանեկան լեզու»,- բողոքում են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները:

«Իրավիճակը գնալով վատթարանում է,- հանդիպման ժամանակ ներկայացրեց Աքսել Ջոնսոնը, որի կուսակցության հռչակված գերակայությունն է Ալանդներում շվեդական ժառանգությունը՝ իր մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելը, անկախ արտաքին քաղաքականություն վարելը:- Եվ մենք խնդրի լուծման այլ ճանապարհ չենք տեսնում, թե հանրաքվեով Ֆինլանդիայից անկախանալը»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Մարիեհամն

Աքսել Ջոնսոնը աջակցություն հայտնեց ԼՂՀ-ի անկախանալու ձգտմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031