Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա ընտրություններ`«գազելների» շարասյունով, դիրիժորներով, ցուցակագրված ընտրողներով ու ցնդող կնիքներով

Սեպտեմբեր 10,2012 00:10

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խումբն սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիս էր հրավիրել` հայտարարելով, որ թեև գյումրեցիների մասնակցությունը ընտրություններին պասիվ էր, սակայն այն ընթացավ բազմաթիվ ընտրախախտումներով, ընտրատեղամասերի դիմաց մարդկային կուտակումներով, ընտրողներին ուղղորդելով : «Քաղաքը մերն է» նախընտրական շտաբի կոորդինատոր Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք բազմաթիվ այսպիսի փաստեր ունեն, իրենց վստահված անձինք որոշ ընտրատեղամասերում տեսանկարահանել ու լուսանկարել են ընտրախախտումները, ու իրենք պարբերաբար տեղեկատվություն են տրամադրել համացանցում` էլեկտրոնային լրատվամիջոցներին:

Նրանք դիմել են նաև իրավապահներին, արագ արձագանքման շտաբին, սակայն, ըստ Ղարիբ Հարությունյանի, արձագանքն այդքան էլ տեսանելի ու շոշափելի չի եղել: Նա նաև ասաց, որ վաղ առավոտյան վստահված անձանցից ցնդող կնիքի մասին ահազանգեր լսելով՝ անմիջապես տեղեկացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ու մեկ ժամվա ընթացքում լուծվել է այդ հարցը. ժամը 9.00-ին այլևս այդպիսի խնդիր չի եղել, բոլորին հանձնվել են նոր կնիքներ:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Սեյրան Մարտիրոսյանի դիտարկմամբ էլ, այս ընտրություններում եղել են վստահված անձիք, որոնք զբաղվել են մարդկանց ուղղորդելով: «Դա նորմալ ձեռագիր չէ, ես ասել եմ ու նորից վերահաստատում եմ, որ ավելի շատ այս ամբողջը հնի ու նորի պայքար է. հատկապես օրվա երկրորդ կեսին նորից կարծես թե օգտագործվեցին հին զինանոնցի միջոցները`մեքենաներով մարդկանց տեղափոխել և այլն, և այլն: Մեր բնակչությանը ես պարզապես ուզում եմ ասել` պետք չէր սպասել, որ ինչ-որ մեկը ձեզ մեքենայով տեղափոխեր, դուք ձեր քաղաքացիական պարտքը պետք է կատարեիք»:

Սեյրան Մարտիրոսյանը նաև շեշտեց, որ իրենց արձանագրած խախտումները ուղղված են իրավապահ համակարգին, եթե վերջիններս պատշաճ ձևով չարձագանքեն, ապա այդ համակարգի բարեփոխումների մասին վստահեցումները կվերածվեն դատարկաբանության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930