Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չկա ցուցանակ

Սեպտեմբեր 18,2012 14:18

Նորանկախ Հայաստանում կանաչ գոտիների անխնա ոչնչացումն ու դրանց վերածումը շինարարական հրապարակների՝ վաղուց ավանդույթ ու չգրված օրենք է դարձել: Հերթականը նկատեցի Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ: Հեռվից ծանոթ կապույտ պոլիէթիլենե վարագույրները հուշում էին, որ տարածքում շինարարական եռուզեռ է: Մինչդեռ, երբ մոտեցանք, չգտանք ոչ մի ցուցանակ, ցուցապաստառ կամ տեղեկություն տվող որեւէ վահանակ, որ հասկանալի կդարձներ մեզ ու մեր արդեն վախեցած աչքերին, թե ի՞նչ է կառուցվում, ո՞ւմ կողմից եւ ե՞րբ է ավարտվելու:

Թերեւս շատ ենք լսել Ցեղասպանության թանգարանի տնօրենի՝ Հայկ Դեմոյանի ելույթներից, որ թանգարանի սրահներն անբավարար են բոլոր ցուցանմուշները ներկայացնելու համար: Այո, մեզ մնում է ենթադրություններ կամ գուշակություններ անել… մինչդեռ տարածքը մեզ համար վաղուց սրբավայր է դարձել ու այնտեղ զվարճանքի օբյեկտների խիստ մոտ գտնվելը թանգարանին, մեղմ ասած, ցանկալի չէ… Նման վայրում տարածք իրացնելը խիստ համարձակ քայլ է ու հարկ է, որ իրացնելուց առաջ բարձրաձայնվի, հանրային քննարկումներ կազմակերպվեն, որ հետո չասեն՝ գնացքն արդեն գնացել է: Չար լեզուներն էլ ասում են, որ տարածքում արդեն երեւացել է այն մարդը, որ բոլորի հետ «փայ» է մտնում: Ինչեւէ… Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ պրն Մաքսապետյանը տեղեկացրեց, որ թանգարանի ընդլայնման աշխատանքներն են ընթանում եւ մեր նախորդ՝ 07.09.12թ. «Իսկ ծառը համառորեն չի ուզում մեռնել» հոդվածի առիթով պարզաբանեց, որ տարածքը տրված է հյուրանոցային համալիրին, վերջինիս ներկայացուցիչներին էլ զգուշացրել են՝ տարածքը կարգի բերել: Ի դեպ՝ ծառի մերկանալը նա պատճառաբանեց ծառի ծերացմամբ:

«Գոյություն ունեն վերափոխման ենթակա ծառեր, դրանց թվում է նաեւ թեղին, որ մայրաքաղաքային պայմաններում ապրում է շուրջ 40-50 տարի: Այդպես ծառը մի քանի տարի յոլա կգնա, հետո կհատենք»,- ասաց վաստակաշատ մասնագետը: Անշուշտ, չենք կարող չհավատալ մասնագետի տեսակետին՝ կան ինքնաբերաբար կեղեւը նորով փոխող շատ ծառեր ու այլ բույսեր, որ նորացնում են իրենց կեղեւը՝ հինը թողնելով՝ նորն է տակից գալիս, ինչպես, օրինակ, խաղողի վազը… բայց որ գրեթե ողջ կեղեւը կլպած ծառը կանաչի ու խիտ սաղարթ տա, բազմաթիվ նոր ճյուղերով եւ մենք էլ ասենք մեռնող ծառ է, շատ է զարմանալի…Այդուհանդերձ, կարծում ենք, այստեղ դեր է խաղացել մարդկային գործոնը: Հետեւություններ չենք ուզում անել: Այո, ծառերը կանգնած են մեռնում: Կապրենք՝ կտեսնենք, թե առաջիկա տարիներին ո՞ւմ օբյեկտը կհառնի այդտեղ:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930