Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայցեր է կատարել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում

Սեպտեմբեր 18,2012 18:00

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ և 60 մահճակալ: Նախակրթարանը Նուբարաշեն վարչական շրջանի միակ մանկապարտեզն է այսօր և հնարավորություն է ընձեռում շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթության ու դաստիարակության հարցերը հոգալու համար:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել  Տարոն Մարգարյանին` նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների շարքում է և ծրագրերն էլ լինելու են շարունակական. <<Երևան քաղաքի այս տարվա բյուջեով մենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ իրականացրել ենք բոլոր 12 վարչական շրջաններում: Այս գործընթացը լինելու է շարունակական և մենք փորձելու ենք առաջիկա տարիների ընթացքում լուծել բոլոր այն մանկապարտեզների խնդիրը, որոնք հիմնանորոգման կարիք ունեն: Ընթացիկ ծրագրերում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նաև մանկապարտեզների գույքի թարմացման խնդրին և արդեն 2013թ-ի բյուջեում հաշվի կառնվի այդ հանգամանքը ևս>>,-նշել է Երևանի քաղաքապետը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ այս տարվա ձմռանը մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները կջեռուցվեն:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ծանոթացել է Այվազովսկի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով շուրջ 2,5 կմ երկարություն ունեցող ճանապարհի երթևեկելի գոտու հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջովին բարեկարգվում են նաև մայթերը, թարմացվում եզրաքարերը: Վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ արդեն ավարտվել է Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել վարչական շրջանում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930