Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրել է 4 պատգամավորների կալանավորումը

Հոկտեմբեր 02,2012 17:40

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ: Ներկայացնում ենք հայտարարության` ամբողջությամբ:

Ստորև ներկայացվող հայտարարությունը պատրաստել էի մինչ պատգամավոր՝ Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ԱԺ ներկայացնելը: Չհասցրեցի, ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հայատարարության հիմնական նպատակը նորընտիր ԱԺ-ին ձեռնպահ պահելն էր այնպիսի քայլերից ու որոշումների ընդունումից, որոնք կվարկաբեկեին ոչ միայն մեր երկրի խորհրդարանը, այլև կխաթարեին արդեն իսկ սասանված Հայաստան պետության միջազգային վարկն ու հեղինակությունը:

Այս մտահոգությամբ եմ միայն անդրադառնում նախորդ գումարման Ազգային Ժողովի ընդունած թերեւս ամենախայտառակ ու ամոթալի որոշումներից մեկին, որով ԱԺ-ը 2008թ. Մարտի 4-ին իր համաձայնությունը տվեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

ՀՀ Ազգային Ժողովը իր տրամադրության տակ չունենալով որեւէ ապացույց, որը կվկայեր կամ առնվազն հիմնավոր կասկած կհարուցեր նշված պատգամավորների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածներով նախատեսված ծանրագույն արարքների մեջ մասնակցություն ունենալու մասին, երեք էջանոց մեկ միջնորդագրով, ԱԺ չորս պատագամավորների,մեկ ժամվա ընթացքում փաստորեն, առանց քննարկման իր գործընկերներին հանձնեց քաղաքական հաշվեհարդարի, ինչով ԱԺ-ն իր անմիջական մասնակցությունը բերեց եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնեց 2008թ. Փետրվարյան ընտրություններից հետո երկրում ծայր առած զանգվածային, ապօրինի քրեական հետապնդումների համար:

ԱԺ-ում կառավարող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերը տեղի տալով գործադիրի պարտադրանքին, բավարարեցին գլխավոր դատաղազի մի միջնորդություն, որը սահմանադրական և օրենսդրական նորմերի կամային ու տարածական մեկնաբանման ,քրեական մեղադրանքների մոգոնման,իրավական խտացված անգրագիտության,իրենց իսկ բառերով ասած հոգեխանգարմունքի մինչ օրս չգերազանցված նմուշ է:

Բավական է նշել, որ այդ փաստաթուղթը նշված պատգամավորներին մեղսագրվող արաքների քրեա-իրավական նշանակություն ունեցող ուրեւէ հատկանիշ,հանցակազմի որևէ տարր չէր հիշատակում: Միջնորդագրի հետ ծանոթացումից անհայտ է մնում նաեւ, թե վերջիններիցս ով, քրեական օրենսգրքով արգելված ինչպիսի գործողություններ, արարքներ է կատարել եւ ինչ ապացույցներով են այդ մեղադրանքները հիմնավորվում: Այսպես կոչված «7-ի գործի» նյութերի հետ ծանոթացումը, հաստատեց մեր այն ենթադրությունը, որ առաջին «մեղադրական» ապացույցները ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունը ձեռք են բերել պատգամավորների կալանավորումից հետո միայն օրեր անց:

Հետո ինչպես էլ կարդացին ինչպես էլ թարգմանեցին մեր 300-ն ու 225-ը եվրոպացի չինովնիկներին, էս «բթամիտները» այդպես էլ չհասկացան, թե ինչու են կալանավորված չորս պատգամավորները: Եվ որպեսզի հանկարծ ու չկասկածեին դատախազ, ձեռի հետ էլ գիտնականի պրոֆեսիոնալիզմին, սկսեցին մեղադրել ԱԺ-ը ու նրա անկատար օրենքները: Իսկ մինչ 300-ու 225-ը որոշակի կդարձնեին, ամիսներ անցան: Թարսի պես դրսում ժողովրդական շարժումը չէր թուլանում, իսկ ներսում էլ տղերքը չէին կոտրվում… տարիներ անցան:

ՀՀ Սահմանադրության մեջ պատգամավորական անձեռնմխելիության ամրագրումը Սահմանադրական արգելք,խոչընդոտ է, որը խորհրդարանը պետք է հաղթահարի միայն լուրջ իրավական ու փաստական հիմքերի առկայության դեպքում: Այո, եթե կուզեք, ԱԺ-ը այս դեպքում ինչ որ չափով դատական ֆունկցիա պետք է կատարի և այս լիազորությունը օրենսդիր մարմնի կողմից գործադիր ու դատական իշխանությունների զսպման լուրջ լծակ է:

Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է, մի օր ուշ, մի օր շուտ: Այսօր հանձնում եք երեկ համաձայնություն տվողներին, վաղը հանձնելու եք էսօրվա համաձայնություն հայցողներին:

Հիմա էլ վստահ եմ, որ այս դահլիճում ներկա որոշ պատգամավորներ, եթե ոչ շատերը, իրենց նախկին գործընկերներին պատահաբար հանդիպելիս ինքնարդարացման խոսքեր են փնտրում և չեն կարողանում շիտակ նայել նրանց աչքերին:

Ուզում եմ հուսալ, որ ապագայում ամաչելու, մեր գործընկերներից հայացքներս թաքցնելու այլևս առիթներ չենք ունենա, անձնատուր չենք լինի քաղաքական ու խմբային թելադրանքներին, բարձր կպահենք ԱԺ-ի պատգամավորի, ուղղակի հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031