
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեն: Նրա խոսքով` փախստականների համար բարձրագույն կրթությունը թանկ հաճույք է. «ՄԱԿ ՓԳՀ-ն շատ մեծ ուշադրություն է տալիս կրթությանը: Փախստականները գնահատում են կրթությունը եւ նրանց իրավունքն է օգտվել այդ հնարավորությունից»:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրյոյնիգը նշեց, որ 20 տարի շարունակ Գերմանիայի դաշնությունը օգնում է DAFI-ին. «Գերմանիայում հասկանում են, թե ինչ բան է զրկանք կրելը: Կրթությունը մեծ նշանակություն ունի եւ փախստականների համար այն առավել կարեւոր է, դրա շնորհիվ նրանք կկարողանան ընդգրկվել հասարակության մեջ` որպես լիիրավ անդամ»:
2011 թվականից ի վեր «Ալբերտ Էյնշտեյնի Փախստականների նախաձեռնության» գերմանական ակադեմիական հիմնադրամի (DAFI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) միջոցով փախստականի կարգավիճակ ունեցող առավել կարիքավոր ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ՝ Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսանելու նպատակով:
ՄԱԿ ՓԳՀ ծրագրերի բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանի պնդմամբ` DAFI-ն միակն է, որ հնարավորություն է տալիս փախստականներին ստանալ կրթություն, ինքնավստահության բարձրացում. «Մեր նպատակն է, որ կրթվելուց հետո երեխաները վերադառնան հայրենիք եւ լինեն նրա արժանի զավակները»:
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն էլ կարեւորեց կրթությունը: Նա կարծում է, որ եթե ուզում ենք լինել հզոր պետություն, ապա պետք է ունենանք կրթված ազգ:
DAFI շահառու Ժամասպ Ղարապետյանը մոր եւ կրտսեր եղբոր հետ բռնագաղթվել է Իրանից 2002 թվականին: Ներկայումս նրանք բնակվում են հանրակացարանային մեկ սենյակում: Սովորում է Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի կիբեռնետիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի բաժնի 4-րդ կուրսում: Նրանց տանը աշխատող չկա՝ մայրը երրորդ կարգի հաշմանդամ է, իսկ եղբայրը սովորում է քոլեջում. «Իմ ուսման վարձը տարեցտարի անհնար էր լինում վճարել: 2011 թվականին արդեն հույսս կտրել էի, որ կկարողանամ ուսումս շարունակել: Սակայն «ԱռաքելությունՀայաստան» ՀԿ-ի աշխատակիցների կողմից կատարվեց մեր ընտանեկան պայմանների ուսումնասիրություն եւ ես ընդգրկվեցի որպես շահառու Գերմանիայի Ալբերտ Էյնշեյնի անվան փախստականների նախաձեռնության կրթական հիմնադրամի ծրագրում, որն իրականացնում էր ՄԱԿ ՓԳՀ-ն»,-aravot.am-ին ասաց Ժամասպը:
Հայաստանում՝ ծրագրի շրջանակներում որպեսշահառուներ ընդգրկված են 17 ուսանողներ՝ բռնագաղթված Իրաքից, Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































