Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդը չի ցանկացել թուրք «երեւալ» (տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2012 18:29

Այսօր Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Ինտերնյուս» եւ «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունների հեղինակած «Կինոերկխոսություններ» ձեռնարկի շնորհանդեսը եւ «Հիշողություններ առանց սահմանների»՝ հայկական, թուրքական եւ ադրբեջանական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Ինտերնյուս Հայաստանի» արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ազգերի հիշողության եւ մարդկային ճակատագրերի խաչմերուկ  է. «Այսպես կոչված մեծ խնդիրները ներկայացված են հասարակ մարդկանց ճակատագրերի միջոցով: Ֆիլմում բարձրացվում են ինքնության որոնման խնդիրը, հայրենիք եւ կարոտ հասկացությունները: Բացի այդ՝ ցույց ենք տվել, թե ինչ են մտածում ուրիշները մեր մասին»:

Ֆիլմի առաջին մասը՝ «Կորած եւ գտնվածը», նկարահանվել է Ստամբուլում  եւ պատմում է Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի եւ թուրքերի միջեւ հաստատված նոր շփման մասին. «Ֆիլմի այս հատվածը Ստամբուլում նկարահանել են «Ինտերնյուսի» գործընկերները: Առհասարակ, ֆիլմի բոլոր մասերի նկարահանման ժամանակ ծագել են որոշակի խոչընդոտներ. օրինակ՝ հայ տղան չի ցանկացել դեմքը ցույց տալ, քանզի համարում է, որ ուրիշները պատրաստ չեն լսել նրան: Ըստ տղայի՝ իր շրջապատում կան մարդիկ, որոնք նրան թուրք են համարում, բայց իրականում նա հայ է: Բայց կինոարտադրության  գործընթացը հենց նրա համար է, որ նմանատիպ խնդիրները հարթվեն»,-ասաց  Մանսուրյանը՝ հավելով, որ ֆիլմը արդեն ցուցադրվել է Արցախում եւ Գորիսում:

«Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմի երկրորդ՝ «Ավետիս» կոչվող մասը պատմում է սփյուռքահայ մի ընտանիքի մասին, որն այժմ հաստատվել է ԼՂՀ մայրաքաղաք Շուշիում: Երրորդ մասը՝ «Ուրվականների թատրոնը»,  Երեւանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի մասին է, որը տեղափոխվել  է Բաքու՝ արցախյան հակամարտության պատճառով:

4-րդ մասը՝ «Սպիտակ հարեւանները», Հայաստանի հարավում ապրող երկու հարեւանի մասին է. նրանք շախմատ են խաղում հատուկ դրվագված խաղաքարերով, որոնք ներկայացնում են ակնառու հայ եւ թուրք գործիչներին:

Ինչ վերաբերում է «Կինոերկխոսություններ» ձեռնարկին, «Ինտերնյուս Հայաստանի» գործադիր տնօրեն Նունե Սահակյանի խոսքով՝ այն եզակի նախաձեռնություն է, որի շրջանակում հայ եւ ադրբեջանցի երիտասարդները վավերագրական ֆիլմեր են արտադրել՝ արցախյան հակամարտության վերավերվալ: Ծրագրի շրջանակում նկարահանվել է 30 ֆիլմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031