Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի», կեցցե «ավազակապետությունը»-3

Նոյեմբեր 16,2012 13:54

«Չի բացառվում նաեւ ինչ-որ պահի դաշնակիցներ դառնանք Ռ. Քոչարյանի հետ»,- ասել էր Լ. Տեր-Պետրոսյանը 2008թ. սեպտեմբերի 2-ին

«Երեւան» հյուրանոցում 2008թ. սեպտեմբերի 2-ին հրավիրած մամլո ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը կեսկատակ-կեսլուրջ մի հայտարարություն էր արել, որն այն ժամանակ առանձնապես ուշադրության չարժանացավ՝ թերեւս այն պատճառով, որ այդ օրերին որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ մի քանի տարի անց Քոչարյանի հովանավորյալ կուսակցությունը կարող է ՀԱԿ-ի հիմնական դաշնակիցը դառնալ։ «Ես չգիտեմ՝ հիմա Ռոբերտ Քոչարյանն ինչով է զբաղվում: Երբ որ նա կմտնի քաղաքականություն, ես էլ մնամ քաղաքականության մեջ, բնականաբար, մենք կլինենք մրցակիցներ, չի բացառվում նաեւ ինչ-որ պահի դաշնակիցներ դառնանք: Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է… Չէ, սա կատակ էր, բայց քաղաքականությունը կարող է ունենալ տարօրինակ վայրիվերումներ»,- ասել էր ընդդիմության առաջնորդն այդ օրը:

Վերոնշյալ օրվա ասուլիսը հրավիրվել էր այլ նպատակով՝ իհարկե, սակայն այդ դրվագն այսօր է, որ խիստ ուշագրավ է՝ գնահատելու համար… Իսկ օրվա հիմնական ասելիքը ընդդիմության դեմ իշխանությունների կազմակերպած «հրեշավոր դավադրության» էությունը բացահայտելն էր: Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստաթղթերից առաջինն առնչվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշմանը՝ փետրվարի 19-ին Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին: Հաջորդ փաստաթուղթը վերաբերում էր ՀՔԾ հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի մարտի 1-ին կայացրած որոշմանը՝ մարտի 1-ի առավոտյան դեպքերից անմիջապես հետո Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին: Մյուս փաստաթղթում հստակորեն արձանագրված էր, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները հարկադիր դադարեցնելու նպատակով՝ այդ գործողությունը հիմնավորելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով: «Ոստիկանության գործողության նպատակը, ըստ այս փաստաթղթի, Ազատության հրապարակի խաղաղ նստացույցի ցրումն էր: Սակայն տարօրինակ կերպով նույն օրը մի քիչ ավելի ուշ ոստիկանության կողմից տարածված մի հաղորդագրության մեջ նշվում է բոլորովին մի այլ նպատակ, այն է՝ Ազատության հրապարակում հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր եւ մահակներ առգրավելուն ուղղված զննության վարկածը: Այսինքն՝ մի դեպքում նպատակը նստացույցը ցրելն էր, մի այլ դեպքում՝ տեղազննություն կատարել Ազատության հրապարակում»,- պարզաբանել էր Լ. Տեր-Պետրոսյանը: Ընդդիմության առաջնորդը այնուհետեւ ներկայացրել էր իր վարկածը. երբ նստացույցը ցրելու նպատակով ժամանած ոստիկանությունը կատարել էր իր խնդիրը եւ ապա ճարպկորեն թփերի տակ տեղադրել ու հեռուստախցիկների առջեւ հայտնաբերել անհրաժեշտ «իրեղեն ապացույցները», դրանից հետո իշխանության բռնազավթման վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու համար մոգոնվել էր «զննության վարկածը»:

2008թ. սեպտեմբերի 15-ի համահանրապետական հանրահավաքում՝ մարտիմեկյան իրադարձություններից ընդամենը վեց ամիս անց, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մի հատված բավական ուշագրավ էր. այն վերաբերում էր Ռ. Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը։ «Այսօր Ռոբերտ Քոչարյանը իշխանական լծակներ չունի, դուրս է քաղաքականությունից: Բայց բոլորդ էլ գիտեք, եւ մամուլում էլ այդ մասին շատ է գրվում, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն՝ վարչապետի պաշտոնով: Վերջին ասուլիսում սրա մասին ես ասել եմ, որ ընդամենը ասեկոսեներ են: Բայց այդ ասեկոսեները քանի գնում, ավելի են խորանում, տարածվում: Ես վստահ եմ՝ սա տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի, յուրայինների կողմից: Ըստ էության, այս խոսակցությունները քաղաքականապես ուղղված են Սերժ Սարգսյանի դեմ: Այսպիսի դատողություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն անկարող է զսպել Համաժողովրդական շարժումը, նա թույլ նախագահ է, շուտով իշխանությունը կկորցնի, եւ քրեական աշխարհը, որ Հայաստանի պետական պաշտոնեությունն է, կկորցնի ամեն ինչ, եւ այդ մարդկանց միակ փրկությունը Ռոբերտ Քոչարյանն է: Եվ միայն նա է ի վիճակի լիովին վերահսկել իրավիճակը Հայաստանում: Այդ մտայնությունը տարածվում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից: Վստահ եմ՝ Սերժ Սարգսյանը տեղյակ է բոլոր այս խոսակցություններին եւ ավելի շատ ներքին խարդավանքների, քան մենք գիտենք: Բայց ակնհայտ է նաեւ հետեւյալը. ես հուսով եմ՝ Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելով պիտի հաշտվի այն իրողության հետ, որ ինքը անմիջապես դառնալու է Անգլիո թագուհի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր էությամբ, խառնվածքով իշխանություն կիսել չգիտի: Եթե նա դարձավ վարչապետ, նույն օրը իշխանության բոլոր լծակները նա վերցնելու է իր ձեռքը: Ասեմ, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է այս իրողությունը»:

Դեկտեմբերի 21-ին՝ ՀԱԿ համաժողովում, Լ. Տեր-Պետրոսյանը արձանագրեց, որ Մարտի 1-ի սպանություն կատարողները դեռեւս չեն բացահայտվել, եւ ինքը արեց կարեւոր բացահայտումներ: «Մարտի 1-ի ոճրագործության պաշտոնական վարկածի հերքումը, սակայն, մեր անցկացրած հետաքննության միայն մի կողմն է: Մյուս՝ ավելի կարեւոր կողմը վերաբերում է այդ ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտմանը՝ խնդիր, որի ուղղությամբ մեզ նույնպես հաջողվել է լուրջ առաջընթաց արձանագրել: Մասնավորապես, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1-ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի: Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից: Պարզել ենք նաեւ ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակ արձակած դիմակավոր ոստիկանների ինքնությունը: Բոլոր այդ տվյալները Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների: Հարկ չկա ավելացնելու, որ տվյալ ուղղությամբ մեր աշխատանքները նույնպիսի հետեւողականությամբ շարունակվելու են, եւ ոճրագործության բոլոր իրական պատասխանատուները, իրադրության փոփոխության դեպքում, կանգնելու են դատարանի առաջ»:

Այսպիսով՝ «քաղաքակա՞ն», թե՞ քրեական պատասխանատվության հարց էր բարձրացնում 2008-ին Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի պատասխանատուների համար…

Մարտի 1-ը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, հարյուր հազարավոր մարդիկ տեւական ժամանակ սնվել են այդ իրադարձությունների եւ դրանց հաջորդող գործընթացների վերաբերյալ լիարժեք տեղեկատվությամբ, պարզաբանումներով ու գնահատականներով ընդդիմության կողմից, եւ պետք է անկեղծորեն փաստել, որ այդ աշխատանքը այդ շրջանում իրականացվել է ըստ արժանվույն։

Մարտի 1-ի իրադարձություններից մեկ տարի անց Փաստահավաք խմբի անդամների բացահայտումն այն մասին, որ զինվորական հանդերձանք ամենաշատը ստացած՝ պաշտոնյաների եւ օլիգարխների ցուցակը գլխավորում է ՀԱԿ-ի այսօրվա դաշնակից կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանը՝ հերքվեց ԲՀԿ նախագահի մամուլի գրասենյակի կողմից 2009թ. օգոստոսի 28-ին. «Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը: Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը որեւէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ եւ ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008թ. մարտի 1-ի արյունահեղությունից 3,5 տարի անց ի հայտ եկավ «քաղաքագիտական վերլուծությունը», մնում է միայն եզրակացնել, որ ՀԱԿ-ի համար առավելապես վստահություն ներշնչող ու արժեքավոր դարձավ Գ. Ծառուկյանի մամուլի գրասենյակի տարածած հերքումը, քան 2008թ. նախագահական ընտրություններում եւ դրանից հետո մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իրենց իսկ ներկայացրած օրինախախտումների, ապօրինությունների, բռնությունների, ձերբակալությունների եւ սպանությունների փաստերի ու ապացույցների ողջ փաթեթը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930