«Բաժնում Հայկին դաժանաբար ծեծելով ստիպել են չկատարած հանցանքը խոստովանել, տեսնելով, որ որեւէ իրեղեն ապացույց չունեն, եւ մեր բնակարանից նույնիսկ շան խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել, նույն օրը երեկոյան որդուս բաց են թողել: Հոկտեմբերի 31-ին Հայկին կրկին կանչել են ոստիկանություն եւ 2 ամսով կալանավորել թմրանյութեր իրացնելու կասկածանքով: Կրկնում եմ, չունենալով որեւէ ապացույց, եւ ինչ-որ «Գազելի» վարորդ Վոլոդյա Պետրոսյանի սուտ ցուցմունքով գործին ընթացք են տվել: Անտեսելով բոլոր փաստերը, ոստիկանները շարունակել են գործն առաջ տանել իրենց ուզած ուղղությամբ` վերադասների աչքին թոզ փչելով, թե հանցագործություն են բացահայտել: Ի դեպ, առաջին անգամ, երբ «Գազելի» վարորդի, եւ մի քանի այլ քաղաքացիների հետ, որոնց թվում եղել է նաեւ Հայկը, առերեսում է կազմակերպվել, վարորդն ասել է, որ որեւէ մեկին չի ճանաչում, ավելի ուշ, իրավապահների հետ գալով համաձայնության, նույն այդ վարորդը մատնացույց է արել Հայկին` ասելով, թե այն ժամանակ, երբ ինքը Հայկից թմրանյութ է ձեռք բերել, Հայկը երկար մազերով է եղել, սակայն մենք ունենք այնպիսի ապացույցներ` տարբեր տարիների եւ ամիսների լուսանկարներ, որ Հայկը երբեւէ երկար մազեր չի ունեցել եւ նրա մազերը մշտապես կարճ կտրած է եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին Հայկ Կարապետյանի հարազատները:
Հայկի մոր`Մարգո Կարապետյանի խոսքերով` «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին վերջերս իրավապահներին կոչ արեց անաչառ քննություն վարել եւ կեղծիքների միջոցով չփոխել դեպքի փաստերը` այդկերպ հովանավորելով ու պարտակելով իրական հանցագործներին: Սակայն այսօր էլ շարունակում են ոստիկանության համակարգում աշխատել այնպիսի ոստիկաններ, որոնք իրենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով արատավորում են թե’ նախագահի, թե’ ոստիկանապետի եւ թե’ ոստիկանական համակարգի պատիվը»:
Հարազատների խոսքերով, «Գազելի» վարորդը մատնանշել է, թե Հայկից թմրանյութը վերցրել է հոկտեմբերի ութին, բայց այդ օրը Հայկը գտնվել է մայրաքաղաքում` քեռու որդու ծնունդին, կան լուսանկարներ եւ տեսանյութ այդ ամենը վկայող, սակայն նախաքննական մարմինները որեւէ ապացույց հաշվի չեն առել:
«Որդուս խոշտանգելու ահազանգով դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, Հելսինկյան ասոցիացիային: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները որդուս այցելել են միլպետի ներկայությամբ, եւ այդ պատճառով Հայկը խուսափել է մատնացույց անել իրեն ծեծի ենթարկած ոստիկաններին: Մինչդեռ իր փաստաբանի ներկայությամբ պատմել է, որ ոստիկանները ռետինե մահակներով դաժանաբար հարվածել են Հայկի ոտքերի տակ: Նրան ծեծելու ժամանակ պարտադրել են, որ ինքն ընդունի մեղքը: Հայկը դա չի արել: Իրեն առաջադրել են Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք, այսինքն՝ թմրանյութերի խոշոր չափի իրացում: Նա, բնականաբար, չի ընդունել մեղքը, նրան սպառնացել են՝ «միեւնույն է, եթե չընդունես մեղքը, 15 տարով գնալու ես ու կորես բերդում»,-պատմում է Հայկի մայրը:
«Առավոտ»