Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Այսօր ավանցիները ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանին ինչ ասես չեն ասել»

Դեկտեմբեր 02,2012 18:23

ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի լիազորված ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այսօր անձամբ է տեսել, թե ինչպես են թիվ 32, 5 եւ 15 համարների երթուղայինների վարորդները ընտրողներին խմբերով տեղամաս բերելուց հետո վարձատրվել: Նա չի հասցրել ֆիքսել գումարի չափը. «Տեսանք, որ վարորդները շարված են, նրանցից մեկին էլ գումար են տալիս, ինքս տեսել եմ: Նույն վարորդները հետո մտան հանրապետական Ռոբերտ Սարգսյանի շտաբ»:

Տիկին Սաֆարյանը պնդեց, որ տեղամասերում խախտումների ապացույցները ձեռքներին չեն կարողացել հաստատել, ու հանձնաժողովի նախագահները ոչ մի կերպ չեն համաձայնել խախտումները գրանցել գրանցամատյաններում:

Նա ասաց, որ բացի թանաքանյութի օքսիդացման խնդրից` այս ընտրություններում քաղաքացիների փաստացի բնակության վայրի հետ կապված խնդիրներ էլ են առաջացել. «Մի քաղաքացի Ավանում եւ Ավան- Առինջում երկու տեղ փաստացի գրանցման կնիք ուներ անձնագրում: Անդամները չէին  կարողանում ճշտել` նախկին բնակության վայրի ցուցակներում կա՞ , թե՞ չկա: Մայիսի 6-ից հետո ցուցակներում ավելացումներ են եղել, ամեն տեղամասում մոտ 50 մարդ ավելացել էր: Այս կարգի ընտրությունները  նոր դեպրեսիայի հիմք կարող են դառնալ ժողովրդի համար եւ մեկ անգամ եւս հիմնավորի, որ մեզ մոտ  ընտրությունների թափանցիկության եւ ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել»:

«Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Ավանի քաղաքացիներին այսօր  կազմակերպված ձեւով զրկել են քաղաքային երթուղուց օգտվելու իրավունքից. « Այսօր ավանցիներն իրենց մտքում շատ վատ բաներ ասացին այդ թեկնածուի հասցեին, ում պատճառով տարբեր զրկանքների ենթարկվեցին: Այս ամենը նախագահական ընտրությունների շեմին պատիվ չի բերում իշխանություններին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31