Լրահոս
Օրվա լրահոսը

«Առակների» հերոսները հոգեւորականներ են

Դեկտեմբեր 12,2012 14:30

Լույս է տեսել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Ժնեւի միջեկեղեցական հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Հովհաննես Մանուկյանի «Առակներ» գիրքը:

«Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ գրքում զետեղված առակները հոգեւոր բնույթի են, դրանց միջոցով փորձել է պատասխան տալ մարդ-Աստված փոխհարաբերությանն առնչվող հարցերին. «Գրքի նպատակն է՝ երիտասարդության մեջ ամրապնդել հոգեւոր արժեքները: Առակների թեմաները վերաբերում են բարոյագիտությանը եւ մարդկային հարաբերություններին: Հերոսները հոգեւորականներ են, հասարակ քաղաքացիներ, գյուղացիներ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Գիրքը էկումենիկ բնույթ ունի. չկա որեւէ եկեղեցու դավանաբանական դրույթ: Առակները ներկայացված են մատչելի լեզվով, որպեսզի հասանելի լինեն: Միաժամանակ, յուրաքանչյուր առակի մեջ աստվածաբանական բովանդակություն կա: Առակներ կան, որ միաժամանակ պատասխանում են մի քանի հոգեւոր հարցերի»:

Հովհաննես Մանուկյանի խոսքով. «Գիրքը մեծ արձագանք է ստացել երիտասարդների շրջանում: Դա պատճառ հանդիսացավ, որ համացանցում տարածվող առակները մեկ գրքում ամփոփվեն: Այսօր երիտասարդությունը քիչ է գիրք կարդում, մանավանդ՝ երկարաշունչ ստեղծագործություններ, այդ պատճառով ընտրեցի առակի ժանրը, որպեսզի համառոտ ձեւաչափով մարդկանց հասանելի դարձնեմ ասելիքս: Փորձը ցույց տվեց, որ դա արդյունավետ է: Իսկ թե ինչու են գիրք քիչ կարդում, կարծում եմ՝ տեխնոլոգիաների դարում ինտերնետը առավել գրավիչ է դարձել երիտասարդների համար, եւ գիրքը մի կողմ մղել: Մինչդեռ առակն իր ծավալով առավել գրավիչ է եւ արագ ընթեռնելի»:

Հեղինակը կարծում է, որ գիրքը միշտ մնայուն արժեք կլինի. «Ի վերջո, մարդը հողեղեն էակ է, իսկ գրքի հետ շփումը ավելի մեծ հոգեկան ազդեցություն եւ բավարարվածություն է պատճառում»: Մանուկյանը հավելեց, որ առաջիկայում «Առակները» կտպագրվի անգլերեն:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31