Այսօր տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստից հետո ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում նշված էր, թե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
Արդյոք սպասվա՞ծ էր ԲՀԿ-ի նման որոշումը և արդյոք ճի՞շտ վարվեց ԲՀԿ-ն, Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքագետների հետ զրույցում:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Սպասելի էր, քանի որ ԲՀԿ-ի շուրջ արհեստական ինտրիգներ էին ստեղծում: Այն կարևոր ուժ է, բայց նախագահական ընտրություններին ի սկզբանե էլ չէին պատրաստվում: Ինձ թվում է ավելի շուտ այդ ինտրիգները ստեղծվում էին այլ քաղաքական ուժերի կողմից, ովքեր բավարար ուժ չունեն սեփական թեկնածուի շուրջ նման զարգացումներ ապահովելու համար: Մասնավորապես ՀԱԿ-ի կողմից, որի գործունեությունը վերջին տարում կայանում է նրանում, որ ներիշխանական կոնֆլիկտներ է գտնում և դրա շուրջ ստեղծում գործընթացներ: Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, այսօր դա տրամաբանական զարգացումն է ԲՀԿ-ի համագործակցության, թե Հանրապետականի հետ, թե վերջին տարիների գործունեության հետ: ԲՀԿ-ն բավականին ուժեղ ուժ է և խորհրդարանական գործունեությունը հնարավորություն և ասպարեզ է բացում նրա համար: Վստահ եմ, որ օպտիմալ տարբերակով կօգտագործեն այդ շանսը: Այո, ճիշտ որոշում էր: Կարծում եմ՝ նրանք հաշվի են առել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել իրենց համար ամենաճիշտ որոշումը»:
Կարդացեք նաև
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ կարճ պատասխանեց. «Իմ կարծիքը մեկն է, որ Հայաստանում օլիգարխ ընդդիմադիր չի լինում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































