Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատեք մեզ ձեզանից

Դեկտեմբեր 12,2012 21:08

Մեր անզուգական երգչուհու` Ֆլորա Մարտիրոսյանի մահը որքան անսպասելի, որքան հանկարծակի ու որքան շանթահարող էր, նրա երեւանյան հոգեհանգստի ու հուղարկավորության արարողության ճղճիմությունը նույնքան սպասելի էր, նույնքան դեժավյուոտ ու մեռնելու աստիճան ամոթալի:

Ամեն անգամ, երբ մեր Մեծ Մահերից հետո ստեղծվում են չարաբաստիկ կառավարական հանձնաժողովները, այդ Մեծ Մահերը մի տեսակ արժեզրկվում են: Այո, արժեզրկվում են, որովհետեւ որքան որ արժեք ունեն ժողովրդի մեծերը, նվիրյալները, երախտավորները, այնքան էլ արժեք ունեն նրանց մահերը` թեկուզ ցավալի, հանկարծակի, շանթահարող, անսպասելի:

Նրանց կյանքը շարունակվում է նաեւ նրանց մահերից հետո, շարունակվում է սերունդների հիշողության մեջ: Նրանց կյանքը շարունակվում է նաեւ նրանց մահերով:

Չենք կարողանում մեր մեծերին, մեր նվիրյալներին, մեր երախտավորներին մեծարել, երբ նրանք Մեծ Ներկա են, երբ մեզ հետ են, երբ մեր կողքին են, գիտենք, բայց չենք կարողանում նաեւ հրաժեշտ տալ, հուղարկավորել այնպես, որ հրաժեշտը ծես լինի, ոչ թե միջոցառում`սովետական տխուր միջոցառում ոչ սովետական կազմակերպվածությամբ նույնիսկ:

Այո, հրաժեշտը ծես պետք է լինի, ծես, որը կմնա սերունդների հիշողության մեջ այն նվիրյալի տեսքով, ում հիշատակի առջեւ մարդիկ գնում են խոնարհվելու: Մարդիկ գնում են խոնարհվելու, ոչ թե հրմշտվելու:

Սովետական ամենալճացած տարիներին անգամ, երբ հուղարկավորում էին Հովհաննես Շիրազին, Արամ Խաչատրյանին, սովետական միապաղաղության ու հրահանգվածության մեջ անգամ ինչ որ տարր էին գտնում Հայաստանի առաջնորդները` ծաղիկներ էին սփռում, Շիրազի պարագայում` գարնանամուտի ծաղիկներ, ոտքով էին ճանապարհում, մեծարում էին:

Մենք հրաժեշտ էինք տալիս երգչուհու` դրախտային ձայնով երգչուհու, նուրբ երգչուհու, նուրբ էակի, կյանքով լի էակի, ում նկարը կառավարական տխուր հանձնաժողովով կախել էիք համերգասրահի մուտքի պատին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Լենինի, Ստալինի, Բրեժնեւի ու նման երեւույթների լուսանկարներն էին կախված Կրեմլի համագումարների պալատի մուտքին:

Ովքե՞ր էիք ընտրել Ֆլորայի անվան տառերով սպիտակ ու կարմիր անճոռնի ծաղկեպսակները: Կառավարական հանձնաժողովո՞վ, թե մշակույթի նախարարությունով ու նախարարով, թե՞ թքած ունեք ընտրության վրա:

Հաստատ չեմ մեղանչի Ֆլորայի հիշատակի առաջ, եթե հարցնեմ, իսկ ուր էին սպիտակ նիվաները, օպերայի շուրջբոլորը կապված մեխակներով սեւ ժապավենները, սեւի վրա ոսկեգույն տառերով Ֆլորա մակագրությամբ պաստառը…

Մի հատ նայեիք գոնե, թե  ինչպես իտալացիները հրաժեշտ տվեցին Լուչիանո Պավարոտիին` համեստ ու ծիսական: Մի հատ նայեիք գոնե, թե ինչպես հրաժեշտ տվեցին Տոնինո Գուերային: Գոնե նայեիք Ֆլորա Մարտիրոսյանի ամերիկյան հոգեհանգստի  ծեսը:

Ափսոս, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինն ու մերձավորները համաձայնեցին երգչուհուն հուղարկավորել Հայաստանում եւ ոչ Միացյալ Նահանգներում` իր ընտանիքի, իր երեխաների կողքին: Կարծում եմ Երեւանում Ֆլորային հրաժեշտ տալու գնացած հասարակությունը Ֆլորայի ամուսնուն ու մերձավորներին կհասկանար: Այսպիսի հուղարկավորությունների արդյունքն են մեր շատ մեծերի լքված շիրիմները, լքված ու ավերակված բնակարանները, մեր անմշակույթ մշակույթը:

Ազատեք մեզ ձեզանից կառավարական հանձնաժողովի անդամներ: Ազատեք մեզ ձեզանից մշակույթի նախարարության կառավարիչներ: Մենք մեր մեռելներին կթաղենք…

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31