Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ հունվարի 14-ը օդի ջերմաստիճանը չի փոխվի

Հունվար 10,2013 14:15

Հանրապետության հյուսիսային շրջաններում` Շիրակի, Լոռու մարզերում, հունվար ամսին տեղացած ձյունը արդեն հասել է միջին ամսական նորմայի սահմանին, իսկ որոշ վայրերում` նույնիսկ գերազանցել է այն: Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին կդադարեն տեղումները, իսկ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ձյուն կտեղա մինչեւ ուշ գիշեր: Այսօր «Զարկերակ» ակումբում այս մասին հայտարարեց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետի հավաստմամբ` ամենացուրտ գիշերները կլինեն հունվարի 12-ին եւ 13-ին:

«Ամսի 12-ի եւ 13-ի գիշերը Շիրակում սպասվում է մինչեւ 28 աստիճան ցուրտ, առանձին լեռնային շրջաններում` մինչեւ 23, իսկ Արարատյան դաշտավայրում մինչեւ 13 աստիճան ցուրտ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է  մինչև 4 աստիճան ցուրտ, իսկ գիշերը կլինի 6-8 աստիճան: Հունվարի 14-ից հարավից տաք հոսքի ներթափանցում է սպասվում, եւ գիշերային ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,- նկատեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ հունվարի 11-ից հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսի` ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի հավաստմամբ` հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վայոց Ձորի կողմից փակ է միայն Սելիմի լեռնացքը, իսկ հանրապետության մնացած ավտոճանապարհները բաց են` տեղ-տեղ դժվար անցանելի:

«Հունվարի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 154 արտակարգ դեպք, որոնցից միայն 25-ն են կապված եղել եղանակային պայմանների հետ: Նախորդ տարվա համեմատ` այս տարի զգալի նվազել է հրդեհների եւ թունավորումների թիվը»,- տեղեկացրեց ճգնաժամային կենտրոնի պետը` նկատելով, որ ճգնաժամային կենտրոնը փորձում է բոլոր ահազանգերին արձագանքել:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031