Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ապահովել Հայաստանում ընտրությունների ազատ և արդար անցկացումը» (Տեսանյութ)

Փետրվար 02,2013 10:20

Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը

Հայաստանում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձին անդրադարձել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:

Արտգործնախարարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին հարց է ուղղել այն մասին, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ինչ արձագանք կարող է տալ տեղի ունեցածին, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեկնաբանություն ներկայացնել փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է՝ դատապարտելով Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Պարույր Հայրիկյանի վիճակն անհայտ ոճրագործի կողմից իր ուղղությամբ արձակված կրակոցից հետո կայուն է, և որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել այս գործով», – ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Տեղյակ ենք նաև, որ կան որոշ հաղորդագրություններ այն մասին, որ եթե նա չկարողանա քարոզարշավ անցկացնել, ապա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը կարող է հետաձգվել՝ սահմանադրության համապատասխան դրույթի համաձայն»

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կարգավորել այս խնդիրը սահմանադրության համաձայն՝ այն եղանակով, որ ապահովի ընտրությունների առաջընթացն ազատ և արդար եղանակով և պաշտպանի բոլոր թեկնածուների իրավունքները», – եզրափակել է Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին:

 «Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728