Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում» (տեսանյութ)

Փետրվար 11,2013 21:53

IMG_0137ՀՀԿ-ական թեկնածուն հեգնում է «Ժառանգության» թեկնածուին

«Երեկ թեկնածուներից մեկը ձայնին խրոխտ արտահայտություն տված հայտարարեց, թե «սա բարու եւ չարի պայքար է»: Տեղ հասանք, ինչպես ասում են, որովհետեւ գոնե շատ թե քիչ, մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի, ասի` էլի սկսեցի՞ք` մերոնք, ձերոնք…, նորից էլի սկսվեց սեւ-սպիտակի բաժանելը, նորից չար, նորից բարի: Վարակված են էդ մարդիկ, ոնց որ վարակ կա մեր օդում, էլի սկսեցին իմ ու քո Հայաստանը, էլի բաժանարար գծեր: Ես չեմ հասկանում, թե էդ մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ էս երկիրը ուղղակի մեղք է էս մասնատումների ձեռքին: Հո՞ մեր ժողովուրդը կրակը չի ընկել մի քանի մարդկանց ամբիցիաների ձեռքը»,-Երեւանի Նուբարաշեն վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ թեկնածու, գործող նախագահ  Սերժ Սարգսյանը:

Նուբարաշենի հանդիպումը նույնպես դահլիճային էր եւ փոքրիկ դահլիճում նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը ներկա էին թաղապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, ովքեր ասացին որ ՀՀԿ անդամ են եւ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, տեղի  «թաղային հեղինակություններ», ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ ՀՀԿ-ից չեն, բայց «շտաբ մտնում- դուրս ենք գալիս»:

Հանդիպմանը ներկա էին նաեւ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական համայնքի ղեկավար Արթուր Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ «բարու եւ չարի պայքարի» մասին կիրակի օրը Գյումրիում խոսել էր «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընթացիկ նախագահական ընտրությունները նա համարել էր «ոչ թէ անձերի ու քաղաքական կուսակցությունների պայքար, այլ բարու ու չարի»:

«Երբ ասում է` սա բարու ու չարի պայքար է, հետաքրքի՞ր է` նա կարող է ասել, որն է չարը, ըստ իրեն: Իսկ մյուս հաշվով ի՞նքն է որոշողը, թե որն է չարը, որը` բարին: Եվ ընդհանրապես, հարց է առաջանում՝ այսպիսի մարդիկ կյանքում լուրջ որոշումներ կայացրե՞լ են, թե՞ ոչ: Նրանք հասկանում են, թե ի՞նչ է նշանակում որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում, երբ ընկերոջդ կամ եղբորդ ուղարկում ես կրակի բերան, նրանք հասկանում են, թե ի՞նչ է նշանակում մարդուն ուղարկել պետական կարեւոր առաջադրանք կատարելու: Խոսքը լուրջ որոշումների մասին է եւ ոչ թե մեծ-մեծ հայտարարելու, որ «վաղը ես նախագահ դառնամ, ճանաչելու եմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ոնց որ թե Ղարաբաղի համար է պռոշը ճաքում», – հեգնական տոնով շարունակեց ՀՀԿ-ական թեկնածուն:

Սերժ Սարգսյանը նաեւ հավելեց, որ իր համոզմամբ այս պահին ԼՂՀ-ի ճանաչումը ավանտյուրա է ու դարձյալ հեգնեց. «Եվ խոսում է մարդը, ով իրեն ներկայացնում է որպես արտաքին քաղաքականության մեծ մասնագետ: Այսպիսի ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, երբ սկսում են չարի եւ բարու կռվի մասին, դրանով սկսում են, հետո սկսելու են գայթակղվել, խոսել ինչ-որ բաներ կազմաքանդելու մասին, հետո սկսելու են խոսել մահակների մասին, եւ վերադառնալու ենք մի իրողության, երբ մի խումբ մարդիկ` փոքրամասնությունը, փորձում է իր կամքը պարտադրել մեծամասնությանը: Չի’ լինելու այդպես, պրծանք, անցավ մի անգամ… Ես խորհուրդ կտամ, որպեսզի նրանք թողնեն այդպիսի խոսակցությունները, պայքարեն լավ բաների համար: Եվ այդ մարդկանց բոլորին ասում եմ, որ կա լույսը եւ լույսի հետեւից պետք է գնան: Բայց երեւում է, որ այդ մարդիկ նայում են, բայց չեն տեսնում: Լավ կլինի, որ տեսնեն»:
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը քանիցս գովեստի խոսքեր էր հնչեցրել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ Հրանտ Բագրատյանի, եւ Պարույր Հայրիկյանի մասին, ինչն էլ առիթ էր դարձել տարատեսակ վերլուծությունների ու ենթադրությունների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ ՀՀԿ-ական թեկնածուի հանդիպումը տեղի ունեցավ Նուբարաշենի մշակույթի տանը, որը հիմնանորոգվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728