Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես փշերի վրա ապրել չէի կարող». Մի սիրո պատմություն

Մարտ 23,2013 18:52

Արտակը նոր էր տեղափոխվել այն թաղամաս, որտեղ ապրում էր Մարինեի մորաքրոջ ընտանիքը: Այդ ժամանակ աղջիկը 16 տարեկան էր, իսկ տղան՝ 19-ը: Մի քանի այցելություններից հետո Մարինեն նկատում է, որ գրեթե ամեն անգամ փողոցով անցնելիս մի տղա աչքերով զննում է իրեն: Սկզբում աղջիկը չի կարևորում այդ հանգամանքը, բայց ժամանակ ընթացքում եզրակացնում է, որ  այստեղ ինչ-որ բան այն չէ. «Մորաքրոջս աղջկա և նրա ընկերուհիների հետ միշտ գնում էինք զբոսնելու, գործագործ էինք խաղում և այլն: Մենք դեռ կիսով չափ  երեխա էինք, վայելում էին զվարճությունները, երբեմն մեզ էին միանում տղաները: Մի օր էլ նա առաջարկեց խաղալ մեզ հետ»,-պատմում է աղջիկը: Անկեղծանում է՝ մի փոքր զարմացած էր, քանի որ, ինչպես իրեն էր հայտնի,  տղան մինչ այդ երբեք ցանկություն չէր ունեցել խաղալ աղջիկների հետ: Տղայի մասնակցությունը թիմային խաղերին պարբերաբար շարունակվում է: Այդ ընթացքում Մարինեն, ելնելով նրա բացառիկ ուշադրությունից, երկմտում է՝ չլինի՞ Արտակը սիրահարված է իրեն: «Եթե անկեղծ լինեմ, ես էլ էի սկսել հետաքրքվել նրանով, իմ կարծիքով` այդպես է լինում  բոլոր դեռահաս աղջիկների դեպքում: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Ես որոշել էի չսիրահարվել նրան, այլ մի քիչ խաղալ հոգու հետ, եթե, իհարկե, հաստատ իմանայի, որ կասկածներս ճիշտ են»:  Մարինեն խոստովանում է՝ սկսած այդ ժամանակվանից պարբերաբար է այցելում մորաքրոջը, իսկ ողջ ամառային արձակուրդների գերիշխող մասը անցկացնում նրանց տանը: Ամառվա վերջում նա հիվանդանում է կարմրախտով և մեկ շաբաթից ավելի չի այցելում իր հարազատներին ու նոր ընկերներին, ովքեր արդեն հասցրել  էին վարժվել նրա ներկայությանն ու կարոտել նրան: Ժամանակը դժվար էր անցնում նաև Արտակի համար, ով աղջկա երևալուն պես մատնում է զգացմունքները:

-Հուսամ` էլ չես հիվանդանա, քո տեղը շատ էր զգացվում:

-Իսկապե՞ս, բոլորի՞ համար:

-Բոլորի, բայց հատկապես  իմ:

Տղան չի հասցնում ավարտել խոսքը, որովհետև աղջիկը ամաչկոտ հայացքը թաքցնելով , հեռանում է. «Ես պարզապես պատրաստ չէի  լսելու դա,  չգիտեի ինչպես արձագանքնել, ինչ պատասխանել, պետք էր նախօրոք մտածել այդ մասին»,-ասում է նա:  Բայց կարճ ժամանակ անց, երբ Մարինեն հրաժեշտ է տալիս բոլորին տուն վերադառնալու համար, Արտակը խնդրում է ճանապարհել տուն. «Ես դեմ չեղա, որովհետև վատ բան չէի տեսնում դրանում, չէ՞ որ նա և մյուս տղաները իմ ընկեներ էին, բայց սիրտս խփում էր, երբեք մենակ չէի մնացել նրա հետ, զգում էի նրա մոտիկությունը,   կանխազգացում ունեի, որ նա ամեն ինչ կասեր»: Արտակը խոստովանում է զգացմունքները: Մարինեն չի պատասխանում.  այս անգամ ևս պատրաստ չէր, սակայն նրա հուզմունքն ու շփոթվածությունը մատնում են զգացմունքներ:  «Չգիտեմ ինչու, սկսեցի լացել, նա ասաց, որ գիտի, որ ես էլ անտարբեր չեմ, առաջարկեց շփվել, համաձայնեցի»:

Երեք ամիս անց զույգն ընկերություն է անում: Խաղընկերները նրանց սկսում են տարբերակել և կոչել «սիրահարված պինգվիներ»՝ միշտ միասին, անբաժան և ուրախ: «Նույնիսկ մի անգամ տուն-տունիկ են խաղացել՝ հարս ու փեսա: Բոլորը որոշել էին, որ մենք երկու  տարուց ամուսնանալու ենք ու քիչ-քիչ պատրաստվում էին»,-պատմում է աղջիկը: Մարինեն թախիծով հիշում է, նոր էր վայելում սիրո բերկրանքը, երբ տղան ասում է, որ սխալվել է, որ նրա հանդեպ միայն համակրանք էր զգում, ոչ թե սեր. «Ջախջախեց ու ճզմեց ինձ, այլևս չէի ուզում տեսնել նրան, ուղիղ կես տարի չգնացի մորաքրոջս այցի, նա ոչինչ չգիտեր, իսկ ես պատճառաբանում էի, թե դասեր ունեմ»,-ասում է նա:

Հետագայում, երբ հաղթահարում է ճգնաժամը, ինչպես ինքն է ասում,  այցելում է մորաքրոջը, բայց ամիսներ շարունակ տղային չի տեսնում, չի էլ համարձակվում քրոջից հարցնել նրա մասին: Միայն որոշ ժամանակ անց պարզում է, որ Արտակը տեղափոխվել էր ուրիշ թաղամաս:

Երեք տարի անց համալսարանում աղջիկը հանդիպում է նրան: Տղան բարևում է ու խնդրում իրեն ժամանակ տրամադրել . «Ասաց, որ չէր համարձակվում գալ, այս տարիների ընթացքում չի մոռացել ինձ, ներողություն է խնդրում և այլն և այլն»: Մարինեն հավաստիացնում է՝ այլևս չէր վստահում նրան. «Ինձ թվում է` այդպես էլ պետք է լիներ, այն ժամանակ ես այնքան էլ գիտակից չէի, իսկ հիմա ես պարզապես չէի կարող թույլ տալ, որ ինձ խաբեն ու հիասթափեցնեն: Եթե կոտրում են վստահությունդ, երբեք չես կարող վերականգնել: Նա եկել էր, որովհետև անտարբեր չէր, բայց դա երաշխիք չէ, որ կարող է քեզ մի օր չվշտացնել, իսկ ես փշերի վրա ապրել չէի կարող»,-ասում է աղջիկը:

 

Նազենի Բաղդասարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031