Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր միջադեպ՝ Ազատության հրապարակում. «Թողեք արգելքը, սա Սովետ չէ, ոչ էլ օսմանյան կայսրություն» (Տեսանյութ)

Մարտ 23,2013 19:33

Այսօր լարախաղաց Վլադիմիր Հակոբյանին ոստիկանները թույլ չտվեցին  Ազատության հրապարակում իր ծրագիրը ներկայացնել: Փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը պնդում էր, որ կանաչ տարածքի վրա չի թույլատրվում:

Ոստիկանները նախ շրջափակեցին տարածքը, որտեղ լարախաղացը պատրաստվում էր իր ծրագիրը սկսել, այնուհետեւ նրան ուղեկցեցին քաղաքապետարան, որ վերջինս գրավոր դիմումով թույլտվություն ստանա:

Փոխգնդապետ Պետրոսյանի հետ բանակցության մեջ մտավ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այս պահից բացի, փոխգնդապետ, երբ այստեղ չենք, 101 մարդ իրենց իրավունքով գալիս են, նստում են, վազվզում են, իսկ ոստիկանը որեւէ բան չի ասում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ի պատասխան փոխգնդապետը շարունակեց. «Իրավունք չունի ասելու, եթե կանաչ տարածք է, երեխա է թող գա, խաղա, ով է արգելում, բայց մեր հայկական լեզվով ասած փահլեւան չի թույլատրվում: Պետք է  ունենա համապատասխան թույլտվություն… վարչական օրենսգրքի 165 հոդվածը բացեք, լյուբոյ գործունեություն իրականացնելու համար թույլտվություն է պետք»:

Պարոն Հովհաննիսյանն էլ հորդորեց ոտնձգություն չանել իր անկեղծության վրա. «Նվազագույնը 5-6 ոստիկան կանգնած էր հանրային տարածքի եւ ժողովրդի միջեւ: Դրա հրամանը ո՞վ էր տվել»:

Պարոն Պետրոսյանն էլ պատասխանեց՝ ոչ ոքի կողմից նման հրաման չի եղել, գուցե ոստիկանները շարվել են, որ մարդկանց նայեն:

Մինչ Ազատության հրապարակում սպասում էին լարախաղացի վերադարձին, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ոստիկանների արածն անիրավ է: Անիրավ հրաման է, եւ որեւէ մի հոդվածով արգելված չէ հանրային տարածքի վրա անվճար 15 րոպե իր հայրենակիցներին երջանկացնելը: Թողեք արգելքը, սա Սովետ չէ, օսմանյան կայսրություն չէ: Ոստիկաննե՛ր, դուք Հայաստանի ոստիկաններն եք: Սա ցույց է տալիս, որ պայքարն առջեւում է, ոչ մի նահանջ»:

Ավելի ուշ լարախաղացին քաղաքապետարան տարած ոստիկանները վերադարձրին Ազատության հրապարակ: Լարախաղաց Վ. Հակոբյանը Aravot.am-ին պատմեց, որ տարել էին թույլտվության համար գրավոր դիմում վերցնելու: Լարախաղացի խոսքերով, ինքը երկուշաբթի օրվանից իրավունք կունենա իր ծրագրերը ներկայացնել:

Մանրամասները  տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031