Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի ու դրան օժանդակելու համար դատապարտվեցին տուգանքի

Ապրիլ 03,2013 16:29

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառերով հանդես եկան Հովհաննես Մովսիսյանը, Գագիկ Միքայելյանը եւ 12/16 ընտրական հանձնաժողովի անդամ Ռիտա Ղազարյանը եւ նրանց հանրային պաշտպանը: Հանրային պաշտպանը խնդրեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ դատարանը նշանակի պատիժ, որը կապ չունենա ազատազրկման հետ, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը ազատազրկի նրանց, ապա այն պայմանական չկիրառվի:

Հովհաննես Մովսիսյանը եւ Գագիկ Միքայելյանը հայտնվել էին 12/16 ընտրատեղամասում, որը գտնվել է Երեւանի Շիրակի փողոցի թիվ 3 հասցեում: Նրանք փորձել են մեկից ավելի անգամ քվեարկություն կատարել, սակայն «բռնվել» են ԸԸՀ նախագահի կողմից:

Ի դեպ, դատարանում նրանց պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալները ոչ թե նպատակ են ունեցել ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, այլ գրազ են եկել:

12/16 ընտրական հանձնաժողովի անդամ Ռիտա Ղազարյանին էլ մեղադրել էին օժանդակելու համար, այսինքն՝ Գագիկ Միքայելյանին եւ Հովհաննես Մովսիսյանին գրանցելու եւ այլ անձանց փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրելու  համար:

Իր վերջին խոսքում Ռ. Ղազարյանն ասաց, որ հնարավոր է ինքը հոգնած է եղել, ուշադիր չի եղել: Բոլոր երեք ամբաստանյալներն էլ զղջացին կատարվածի համար:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով, հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ նրանք դատապարտվեցին 600.000-ական դրամ տուգանքի: Իսկ իրեղեն ապացույց ճանաչված երկու քվեաթերթիկներն էլ մնացին գործի նյութերում՝ հնարավոր բողոքարկման հետ կապված:

Դատավճռի հրապարակման ժամանակ մեղադրողը եւ հանրային պաշտպանը ներկա չէին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930