Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Ես հոկտեմբերի 27-ի գործով եմ եղել դատարանում՝ որպես տուժող եւ հիմա՝ որպես ամբաստանյալ»

Ապրիլ 04,2013 11:43 Share

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, պաշտպանի բանավոր հայտարարությանը, թե բացարկ է հայտնում դատարանին, չհետեւեց գրավոր միջնորդությունը:

Դատարանը նրան 10 րոպե ժամանակ էր տվել՝ բացարկի միջնորդության հետ կապված, սակայն Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գեորգի Գուլքանյանը ընդմիջումից հետո շարունակեց միջնորդություններ անել:

Մասնավորապես՝ նա միջնորդեց դատարան հրավիրել «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցի բուժքրոջը: Դատավորի ռեպլիկին՝ գիտե՞ք արդյոք քանի բուժքույր կա, հետեւեց պաշտպանի փնտրտուքը՝ բուժքրոջ տվյալները գտնելու համար: Վերջապես գտնվեց բուժքրոջ ազգանունը՝ Սարգսյան, սակայն հիմա էլ հարկ եղավ որոնել անունը: Դատախազ Վ. Մուրադյանը առարկեց միջնորդության դեմ, ասելով. «Դատարանը չի կարող վիրտուալ վկա հրավիրել»: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը, քանի որ ամբողջական տվյալներ չկային:

Հետեւեց երկրորդ միջնորդությունը՝ հրավիրել հերթապահ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի հերթապահ մասի օգնականին: Այդ օգնականի տվյալներն էլ պաշտպանական կողմը ներկայացրեց թերի: Հմայակ Հովհաննիսյանի կողմը միջնորդեց քննչական փորձարարություն անել, զննել տեղանքը: Իսկ երբ դատավոր Գագիկ Պողոսյանը փորձեց ճշտել, թե ո՞ր օրենքով, պաշտպան Գուլքանյանն ասաց՝ օրենքն էլ դուք գտեք:

Հմայակ Հովհաննիսյանը տեղից բարձրաձայնեց, որ ինքը երկրորդ անգամ է դատարանում՝ մեկ անգամ եղել է «Հոկտեմբերի 27»-ի գմործով որպես տուժող եւ հիմա արդեն՝ որպես ամբաստանյալ: Նա պնդում էր, որ դատարանը պետք է շինծու գործը քանդի, իսկ դատարանը սպառնաց սանկցիա կիրառել՝ առանց դատարանի թույլտվության կարծիք հայտնելու համար:

Դատարանը մերժեց եւ այդ միջնորդությունը՝ նկատի ունենալով այն, որ դեռ ամբաստանյալը ցուցմունք չի տվել, որով կհիմնավորվեր տեղանքի զննություն անցկացնելու անհրաժեշտությունը: Դատական նիստը դարձյալ ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է Մոսկովյան 33 հասցեում անցյալ տարվա ապրիլին «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանին հրելու եւ մարմնական վնասվածք հասցնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930