Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գործազուրկ է թե՛ Դուշման Օնիկը և թե՛ 48 տարվա հաշվապահը (ֆոտոշարք)

Մայիս 02,2013 00:35

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  6-րդ անգամ  կազմակերպվեց աշխատանքի  տոնավաճառ:

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԳործատուների  մեծ մասը վարորդ, հացթուխ, գորգագործ, հավաքարար, բանվոր ու  ծեփագործ էին փնտրում: Աշխատանք փնտրողներից մեկ`Հովհաննես Սահակյանը, ով 3 տարի կռվել է Աֆղանստանում, 6 տարի էլ ԼՂՀ-ում, ու Գյումրիում  հայտնի է որպես Դուշման Օնիկ, ասաց, որ  իր ամբողջ ընտանիքը` 7 հոգի, գործազուրկ են ու չի հաջողվում աշխատանք գտնել: Նա մասնագիտությամբ  կռունկավար-վարոդ է: «Ճիշտ է, հիասթափվել ենք կառավարությունից, բայց ես ու իմ նմանները միշտ պատրաստ ենք հայրենիքի համար մարտնչելու: Մի բան պիտի հասկանան, որ միլիոններով աշխատանք լինի, եթե ես պետք գամ հայրենիքին, նույն վայրկյանին կթողնեմ այդ գործը ու նորից  կգնամ պաշտպանության: Ես ներկա պահին Շիրակի մարզի հայ-ռուս կազակների միության գլխավոր հրամանատարն եմ: Կազակները ինձ առաջարկում են գնալ Կրասնոդար, Ուկրանիա, բայց ես հայրենիքը չեմ լքելու, որովհետև ես երկու եղբայր ունեմ հուղարկավորած, եղբոր  երեխաներ ու ծեր մայր»,-ասաց հրամանատարը:

Մի տարեց կին, որի ներկայացմամբ ինքը եղել է հաշվապահ, դժգոհեց , որ  իրեն հայրենի կառավարությունը միայն գերեզմանների ճանապարհն է ցույց տալիս: «48 տարի աշխատել եմ, բայց ինձ ոչ մի կերպ չի հաջողվում իմ մասնագիտությամբ գործ ճարել: Գործատուներն այնպիսի հոգեբանությամբ  են, որ 30 տարեկանից  բարձր չեն ուզում, ասենք ես 40-ն անց եմ, 50 եմ, 60 եմ,  ի՞նչ նշանակություն ունի, գնամ մեռնե՞մ: Խելքս հասնում է որպես մասնագետ, բա ամոթ չէ՞: Ուր դիմում ես, տարիքդ շրխկացնում են երեսիդ, սա մեծ պրոբլեմ է դարձել Հայաստանի համար,  չեմ հասկանում՝ տարիքը ո՞րն է, մարդը ապրել է ուզում, ինչո՞վ ապրի, եթե չաշխատի, 40-ն անցավ՝ կամ մեռնի կամ գնա հաց մուրա՞: Ժամի պատի տակը լիքը լցված են, ոչ մի մուրացկան իր գործը ինձ չի տա, բա  սա պետությո՞ւն է: Ես երկար տարիներ եղել եմ էլցանցի գլխավոր հաշվապահի տեղակալը, «Ճենշին»  տերստում էլ եմ եղել գլխավոր հաշվապահի տեղակալ»,-զայրացավ տիկինը:

Գյումրու Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանն էլ  մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնավաճառները իրոք  ծառայում են  իրենց նպատակին, եթե նախկինում այն կազմակերպվում էր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ , ապա երկու տարի է` դարձել է պետական ծրագիր: Ըստ մեր զրուցակցի,  յուրաքանչյուր տարի 100-200 թափուր աշխատեղեր են ունենում, այդքան էլ սպասվելիք տեղերն են, որոնք  հետագայում առաջարկվում են  աշխատանք փնտրողներին: Տոնավաճառին մասնակցող գործատուների թիվը,  ըստ տիկնոջ, 41-ն է: Սոցիալական ապահովության նախարարության զբաղվածություն պետական գործակալության աշխատակից Իրինա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ  տարի  Գյումրիում կազմակերպած տոնավաճառի միջոցով կարողացել են 100 աշխատանք փնտրողների տեղավորել  աշխատանքի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031