Այսօր 10:40-ի սահմաններում Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ ահազանգ են ստացել ընտրախախտման վերաբերյալ, որը վերաբերում է 3-րդ ընտրատարածքի 1-ին տեղամասին: «Այս պահին մանրամասներ ասել չեմ կարող, փորձում ենք կոնկրետացնել ինչի մասին է խոսքը: Առաջիկայում հույս ունենք ինֆորմացիայի տիրապետել, վստահված անձի հետ ենք փորձում կապվել, բայց քանի որ մարդկանց հոսքը շատ է, զրուցելու համար երկար ժամանակ չունենք»,-ասաց նո:
«Առաքելության» քաղխորհրդի անդամը նաեւ փաստեց. «Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ կտրուկ բարձր է մարդկանց ակտիվությունը, մինչդեռ սովորաբար կիրակի օրերին ընտրությունների օրը այս ժամերին մարդիկ այդքան էլ չեն շտապում»:
Մեր զրուցակիցը մասնավորեցրեց. «Մարդկանց ակտիվությունը բարձր է հատկապես Ավանում, Զեյթունում, Քանաքեռում, Նոր Նորքում: Կոնկրետ այդ համայնքներից այս պահին ունենք այդ ինֆորմացիան, մյուս տեղերից դեռ շարունակում ենք ստանալ: Իհարկե կան որոշ տարածքներ, որտեղ ընտրողները այդքան էլ ակտիվ չեն, բայց եթե միջինացնենք, ողջ քաղաքում բարձր է ակտիվությունը, ինչը խոսում է արհեստական միջամտության մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































