«Այն, որ ընտրությունները որեւէ մեկի համար անակնկալ չէին, դա փաստ է, բայց ընտրություններում անակնկալը ժողովրդի քվեն է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Մանրամասնելով՝ պարոն Սաֆարյանը նշեց. «Այն ընտրությունը, որն անցավ, դրան արժանի չէր մեր ժողովուրդը: Այն տպավորությունն է, թե ՀՀ ընտրողներին նրանք ինվալիդի տեղ են դրել: Զավեշտալի է նաև այն, որ անգիտակից մարդկանց են բերում: Բառիս բուն իմաստով կիսամահ մարդկանց են բերում, մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում՝ մյուսներին ծառայություններ մատուցելով տաքսիներով, ավտոներով, ինչպես նաև երթուղային գծերով: Կրկին Ավանում և Մասիվում երթուղային գծեր չեն գործում, եւ որոշ դեպքերում ընտրողներին ընտրատեղամաս էին բերում որոշակի գումարի դիմաց: Մենք համակարգված ընտրակեղծիքների որոշակի դրսևորումների արձանագրողը դարձանք: Տեղամասից դուրս ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն նույն իշխանական կանոններով են գործում, տեղամասի ներսում՝ ընդդիմության կանոններով: Ստացվում է՝ տարբեր ձեւերով բերվում է քվե, եւ ընդդիմության հանձնաժողովականները պահում են այդ քվեն: Սա չի կարող համարվել ընտրություն, և ՀՀ հասարակությունը արժանի չէր այս ընտրությանը: Ընտրողն ինքն էլ է ուզում խաբել ու իր վրեժը լուծել: Բազում դեպքեր են եղել, երբ մեր գրասենյակ են եկել ու նշել, որ մի ուժից ընտրակաշառք են վերցրել, բայց կատարել են այլ ընտրություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































