Լրահոս
Օրվա լրահոսը

Ժավելի խտանյութի արտահոսքից Կապանի Ողջի գետում ձկների մասսայական անկման դեպք է արձանագրվել

Մայիս 06,2013 14:48
dzuk

Կապանի միջով հոսող Ողջի գետում այսօր ձկների մասսայական անկման դեպք է արձանագրվել: Կապանի բնակիչներն առավոտյան նկատել են, թե ինչպես են գետի տարբեր հատվածներում ձկները անշնչացած ջրի երեսին հայտնվել եւ  անմիջապես ահազանգել են դեպքի մասին:  ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ձկների մասսայական անկման պատճառը երեկ գիշեր, ժամը 2-ի սահմաններում, Մեղրի-Երեւան մայրուղու 76-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետության  վթարված ավտոմեքենայից Ողջի գետ արտահոսած ժավելի խտահեղուկն է եղել:

Նշենք, որ մայիսի 5-ին՝ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում  ժավելի խտանյութ տեղափոխող «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:

Վահրամ Պետրոսյանը  նշեց, որ ձկների անկման դեպքն իրենք դեռեւս արձանագրել են գիշերը ժամը 2-ին, սակայն  մթության պատճառով եւ գետի վարար լինելու հանգամանքով պայմանավորված՝ առավոտյան են սկսել աշխատանքներ տանել եւ  ահազանգերի հետքերով գնալ:   «Այսօր առավոտյան ահազանգերի հետքերով գնացել եւ գտել ենք որոշ քանակի սատկած ձկներ, մի մասն արդեն քշել-տարել է գետը: Սատկած ձկների ընդհանուր թիվը հստակ այս պահին չեմ կարող ասել, հնարավոր է, որ որոշ  ձկներ էլ գիշերը գետը քշած-տարած լինի: Այսօր շուկայի կամրջի  հարեւանությամբ  գետի  20 քմ  հատվածից հավաքել ենք մոտ 98 հատ ձուկ, դեռ շրջայցը շարունակում ենք, կարող է  դեռ էլի հայտնաբերենք»,-ասաց ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանը: Սատկած ձկները հիմնականում կողակ եւ բեղլու տեսակի են եղել: Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դեպքից հետո հնարավո՞ր է ձկնատեսակների վերացման խնդիր առաջանա: Վերջինս պատասխանեց, որ ձկնատեսակների վերացման վտանգ չի լինի եւ ժխտեց այդ մտավախությունը: Իսկ արձանագրված դեպքից հետո նմուշներն արդեն վերցրել են եւ ուղարկել լաբորատորիա հետազոտության:

«Ձկնատեսակների վերացման վտանգ չեմ կարծում, որ լինի, որովհետեւ Ողջին լեռնային գետ է եւ ինքնամաքրման հատկություն ունի,  ուղղակի  վտանգն այն է, որ անկման դեպքը մեծ է եղել, մեծ քանակի ձկներ են սատկել, գետը քշել-տարել է  եւ չենք կարողանում հստակ ճշտել: Նախկինում եւս ձկների անկման նման դեպք է եղել Կապանում:  Ջրմուղը քլորաջուր էր բաց թողել եւ ջրամբարները մաքրելուց հետո այդ ջուրը լցվել էր  քաղաքի մյուս գետը՝ Վաչագանը, եւ գետի ձկնատեսակների մասսայական անկման պատճառ հանդիսացել»- հավելեց Վահրամ Մարտիրոսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031