Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը պատերազմի նոր տաքությունը

Հուլիս 26,2013 12:25

Սկսվող ու երբևէ չավարտվող արաբական գարուններն ու հեղափոխությունները շատերի կարծիքով՝ սկսվում ու հրահրվում են դրսից: Բայց ինչքան էլ դրանք դրսերից հրահրվեն, ներսերում պիտի հիմքեր ու պատճառներ լինեն, ընդ որում` էդ հիմքերն ու պատճառները պիտի միանգամայն հիմնավոր լինեն:

Որպես կանոն, մարդու դժգոհության ամենահիմնավոր պատճառը սոցիալական վիճակն է, ինչպես նաև` սոցիալական անհավասարությունը: Ինչքան տվյալ երկրում խորանում ու մեծանում է հարուստների ու աղքատների տարբերությունը, այնքան ավելի հնարավոր է դառնում հեղափոխությունը: Մնացածն արդեն տեխնիկայի հարց է:

Խորհրդային Միության կազմաքանդումն էլ էին դրսի ուժերը հրահրում, բայց առանց ներսի ուժերի աջակցության դժվար կլիներ Սովետը կազմաքանդել, և ներսի ուժեր ասելով` ոչ թե Գորբաչովին ու Ելցինին կամ, ասենք, «Ղարաբաղ» կոմիտեին ու Խաչիկ Ստամբոլցյանին նկատի ունեմ, այլ, ընդհակառակը, խորհրդային բուն ժողովրդին, որովհետև եթե չլիներ սովետական քաղաքացիների դժգոհությունն իրենց իսկ երկրից, դրսի կամ ներսի որևէ ուժ ի վիճակի չէր լինի կազմաքանդել էդ երկիրը: Իսկ ինչ վերաբերում է սովետական երկրի քաղաքացիների դժգոհությանն իրենց իսկ երկրից, էդ դժգոհությունը հիմնականում սոցիալական էր, որովհետև, ինչքան էլ խորհրդային պրոպագանդան վարկաբեկեր կապիտալիզմն ու կապիտալիստական կարգերը, սովետական շարքային քաղաքացիներիս պատկերացումներում կապիտալիստական երկրներն ու հատկապես ԱՄՆ-ն դրախտին հավասար վայրեր էին` առաջին հերթին հենց սոցիալական ապահովության տեսանկյունից:

Այսուհանդերձ, Սովետը դրսից ու ներսից քանդողները շեշտը սոցիալականի վրա չդրեցին, որովհետև սոցիալական հեղափոխության դեպքում երկիրը Սոդոմգոմորի կվերածվեր, և հետևանքներն էլ ողջ աշխարհի համար կարող էին ահավոր լինել:

Ամենահարմարը Սովետի ներսում գոյություն ունեցող ազգային հարցերի վրա շեշտը դնելն էր, ու էդպես էլ արվեց, և փոքր ազգերն ու ժողովուրդները ոչ թե Կենտրոնի դեմ ընդվզեցին, այլ ընդամենը իրար դեմ:

Սովետը կազմաքանդվեց, բայց ազգային կոնֆլիկտներն ու հակամարտությունները շարունակվում են, ու վերջն էլ չի երևում: Բոլորն անկախացան, բայց բոլորի անկախությունը ոչ թե ավելացավ, այլ, ընդհակառակը, պակասեց: Հիմա արդեն բոլորն են բոլորից կախված:

ԱՄՆ-ին ու Արևմուտքին մի պահ թվաց թե` հիմնական խնդիրը լուծված և սառը պատերազմն էլ ավարտված է, բայց Պուտինից հետո, փաստորեն, սառը պատերազմն էլ վերսկսվեց, ընդ որում` նոր թափով ու ավելի բացահայտ վերսկսվեց:

Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ արաբական գարուններից որոշները հենց վերսկսված սառը պատերազմի հետևանք են, և էս վերսկսված սառը պատերազմի հետևանքով կարող են ուրիշ շատ ազգեր ու պետություններ տուժել` մանավանդ փոքրերը: Ասվածը վերաբերում է նաև հայերիս, և ներկա իրավիճակում մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները ոչ միայն պարզունակ կոմպլեմենտարիզմով պիտի առաջնորդվեն, այլև քաղաքական իմաստություն ու հմտություն պիտի հանդես բերեն` հատկապես էս պահին, երբ մեր թշնամիներն ու հակառակորդներն ավելի ակնհայտ ու որոշակի են, քան` բարեկամները:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Լուսանկարըё  serialov.org-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031