Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի «խաղաղության» երկրորդ փուլը. ինչ է ուզում ամրագրել Ալիեւը

Հոկտեմբեր 08,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ այստեղ:

 «Պատերազմն ավարտվել է», սակայն այժմ պայքար է «խաղաղության» պայմանների համար

Իրական խաղաղությունը, կայունությունը ենթադրում են, որ կողմերը միմյանց ներքաղաքական, հասարակական կյանքի նկատմամբ առավելագույն զսպվածություն պետք է ցուցաբերեն

Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների փունջը դիտարկելիս առաջին նկատելի փոփոխությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները կարծես փորձում են փոխել խաղաղության գործընթացի քաղաքական տրամաբանությունը։ Եթե պատերազմի ավարտից հետո հիմնական խնդիրն էր արձանագրել ռազմական արդյունքը, ապա այժմ Բաքվի համար գլխավոր խնդիր է՝ այդ արդյունքի քաղաքական, իրավական, տնտեսական եւ հասարակական հետեւանքների հնարավորինս երկարաժամկետ ամրագրումը։

Այս իմաստով Ադրբեջանի կոշտացած դիրքորոշումը կարելի է դիտարկել ոչ այնքան որպես խաղաղության օրակարգից հրաժարում, այլ որպես այդ օրակարգի շուրջ սեփական պայմանների սահմանման փորձ։

Բաքուն միաժամանակ ասում է՝ «դե ֆակտո խաղաղություն կա» եւ «խաղաղությունը դեռ պետք է վերջնականացնել»։ Առաջին ձեւակերպումը միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներին ցույց է տալիս, որ հակամարտությունը, ըստ Ադրբեջանի, ավարտված է։ Սակայն երկրորդը հնարավորություն է տալիս շարունակել պահանջների ներկայացումը՝ դրանք արդեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ամրապնդման անհրաժեշտության շրջանակում ներկայացնելով։

Այս մոտեցման առանցքում Հայաստանի Սահմանադրության հարցն է։ Բաքուն այն դարձնում է խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հիմնական նախապայմաններից մեկը։

Քաղաքական առումով սա պաշտոնական Բաքվին հնարավորություն է տալիս պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ նույնիսկ այն պայմաններում, երբ ռազմական հակամարտությունն ավարտվել է եւ ըստ ադրբեջանական կողմի՝ տնտեսական կապերը զարգանում են։

Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է կանխել այն ընկալումը, թե պատերազմից հետո իր քաղաքական առավելությունը կարող է ժամանակի ընթացքում նվազել։ Այդ նպատակով շեշտադրվում են ռազմական հզորությունը, տնտեսական անկախությունը, էներգետիկ նշանակությունը եւ արտաքին քաղաքական ինքնաբավությունը։ Ալիեւի՝ ռազմական ներուժի շարունակական ամրապնդման մասին հայտարարությունն այս տեսանկյունից հատկապես նշանակալից է։

Երրորդը՝ Բաքուն փորձում է ձեւավորել այնպիսի միջազգային ընկալում, համաձայն որի՝ հետպատերազմյան տարածաշրջանային կարգը ներկայացվում է որպես արդեն կայացած իրողություն։ Ադրբեջանական պաշտոնական խոսույթում տարածքային ամբողջականության «վերականգնումը» ներկայացվում է որպես ավարտված «պատմական» գործընթաց, իսկ հաջորդ փուլը՝ խաղաղության եւ տարածաշրջանային հաղորդակցության կառուցումը, ըստ Բաքվի, պետք է լինի Ադրբեջանի առաջարկած պայմաններով։

Չորրորդը՝ Բաքուն փորձում է իր օրակարգը տեղափոխել նաեւ հասարակական մակարդակ։ «Խաղաղությունը ոչ միայն կառավարության, այլեւ հայ ժողովրդի հետ» կնքելու մասին Հաջիեւի ձեւակերպումը հենց այդ քաղաքականության արտահայտությունն է։ Այս մոտեցման մեջ խաղաղությունը ներկայացվում է ոչ միայն որպես միջպետական փաստաթուղթ, այլեւ որպես Հայաստանի հասարակության քաղաքական վերաբերմունքի փոփոխություն պահանջող գործընթաց։

Այստեղ, սակայն, առաջանում է հիմնական քաղաքական հակասությունը։ Իրական խաղաղությունը, կայունությունը սովորաբար ենթադրում են, որ կողմերը միմյանց ներքին քաղաքական եւ հասարակական կյանքի նկատմամբ առավելագույն զսպվածություն պետք է ցուցաբերեն։ Մինչդեռ Բաքվի հայտարարություններով ու շարունակական պահանջներով խաղաղության օրակարգը զուգորդվում է, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջով, «ռեւանշիզմի» վերաբերյալ գնահատականներով ու մեղադրանքներով եւ Հայաստանի հասարակությանը խաղաղության «պատրաստելու» կոչերով։ Թեեւ առկա են տնտեսական եւ տարանցիկ կապերի զարգացման, առեւտրի ընդլայնման անհրաժեշտության մասին հավաստիացումներ, Երեւանի ու Բաքվի պաշտոնական շփումների շարունակության անհրաժեշտության մասին պնդումներ, միեւնույն է, այս իրավիճակում խաղաղության մասին խոսույթի եւ դրա քաղաքական գործիքավորման պայմաններում էլ լարվածություն է ստեղծվում։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սեպտեմբերի 24-ի հանդիպման ժամանակ հենց տնտեսական եւ տրանսպորտային կապերն են նշվել որպես խաղաղության գործնական օգուտների օրինակ։

Ուստի վերջին շրջանի զարգացումները կարելի է բնութագրել որպես երկու զուգահեռ գործընթացների համադրում։ Առաջինը՝ հարաբերությունների աստիճանական տնտեսական եւ գործնական նորմալացումն է։ Երկրորդը՝ քաղաքական եւ պատմական հարցերի շուրջ Ադրբեջանի կողմից առավել կոշտ դիրքավորման պահպանումը։

Ադրբեջանը կարող է միաժամանակ խոսել խաղաղության մասին եւ կոշտացնել պահանջները, որովհետեւ նրանց ընկալմամբ դրանք միմյանց չեն հակասում. խաղաղությունն արդեն առկա իրողություն է, իսկ դրա վերջնական ամրագրումը պետք է կատարվի այն պայմաններով, որոնք Բաքուն է թելադրում։

Բաքվի համար խաղաղությունը ոչ թե փոխադարձ զիջումների արդյունք է, այլ՝ ռազմաքաղաքական առավելությունների իրավաքաղաքական ամրագրում

Այսպիսով, վերջին շաբաթների հայտարարությունների մեջ նկատվող կոշտացումը, ըստ առկա փաստերի, ավելի շուտ վկայում է այն մասին, որ Բաքուն փորձում է առավելագույնս ամրագրել հետպատերազմյան քաղաքական արդյունքները։

Այսինքն, խնդիրը միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը չէ։ Խնդիրը ըստ պաշտոնական Բաքվի՝ այնպիսի տարածաշրջանային կարգի ձեւավորումն է, որտեղ պատերազմի արդյունքները կդառնան իրավաքաղաքական, տնտեսական եւ հասարակական նոր իրողություններ, իսկ Ադրբեջանի ազդեցությունն այդ նոր կարգի ձեւավորման վրա կլինի նշանակալի։

Այս գործընթացի գլխավոր անորոշությունը այն է, թե որքանով է հնարավոր տնտեսական ու գործնական կապերի խորացման անհրաժեշտության մասին հավաստիացումների եւ Բաքվի կողմից քաղաքական պահանջների կոշտացման ֆոնին իրական խաղաղության գործընթացի գոյությունը։

Ակնհայտ է, որ Բաքվի կողմից ներկայումս վարվող քաղաքականության առանցքային առանձնահատկությունը հետեւյալն է. Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես արդեն ձեռք բերված իրողություն, իսկ խաղաղության վերջնական պայմանները՝ որպես դեռեւս իր կողմից սահմանվող օրակարգ։

Հետեւաբար, պաշտոնական Բաքուն կոշտացրել է դիրքորոշումը հենց այն պատճառով, որ իրեն այլեւս չի ընկալում որպես հակամարտության կարգավորման մեջ զիջումների գնալու անհրաժեշտություն ունեցող կողմ։ Ադրբեջանի իշխանության ընկալմամբ՝ պատերազմով արդեն լուծել են հիմնական խնդիրը, եւ այժմ խաղաղության գործընթացը պետք է լուծի երկրորդ՝ ավելի կարեւոր խնդիրը՝ այդ ռազմական արդյունքը դարձնել քաղաքական, իրավական, տնտեսական եւ տարածաշրջանային կայուն իրողություն։

Դրանից բխում է նաեւ Հայաստանի Սահմանադրության, TRIPP-ի, «ռեւանշիզմի», պատմության ու մշակութային ժառանգության թեմաների միավորումն ու մեկ փաթեթի մեջ ներկայացումը։ Դրանք առանձին պահանջներ չեն, այլ պաշտոնական Բաքվի մեկ ընդհանուր ռազմավարության տարբեր դրսեւորումներ են։

Բաքվի համար «խաղաղությունը» տվյալ փուլում ոչ թե փոխզիջման հասնելու գործընթաց է, այլ պատերազմի արդյունքները վերջնականացնելու գործընթաց։ Հետեւաբար, որքան օրակարգային է դառնում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության հարցը, այնքան Ադրբեջանն ավելի շահագրգռված է ոչ թե մեղմելու, այլ սրելու մթնոլորտը։

Սրանով է նաեւ բացատրվում Ալիեւի ռազմական հզորության մասին հայտարարության նշանակությունը։ Եթե խաղաղությունը Բաքվի համար պարզապես պատերազմից հրաժարում լիներ, ապա ռազմական շարունակական ամրապնդումը դժվար թե կենտրոնական տեղ զբաղեցներ Ադրբեջանի օրակարգում։

Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը հասել է այն փուլին, երբ իրեն ձեռնտու է խաղաղությունը ոչ թե որպես փոխադարձ զիջումների արդյունք, այլ որպես սեփական ռազմական եւ քաղաքական առավելությունների իրավաքաղաքական ամրագրում։

Այս տրամաբանության մեջ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը կարելի է բնութագրել ոչ թե «խաղաղությո՞ւն, թե՞ ճնշում» երկընտրանքով, այլ «խաղաղություն՝ սեփական պայմաններով» բանաձեւով։

Այս համատեքստում էլ պատճառահետեւանքային առանցքը շատ ավելի հստակ է դարձնում բոլոր խնդիրները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, «ռեւանշիզմը», ՄԱԿ-ի քննադատությունը, մշակութային ժառանգության թեմաների արծարծումը, TRIPP-ը՝ «Զանգեզուրի միջանցքով», Ադրբեջանի ռազմական հզորացումը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել