Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին «անկախ» հանձնաժողովը երկու րոպեում մերժում է

Օգոստոս 01,2013 11:33

Aravot.am-ին են դիմել տասնյակ դատապարտյալներ արդարադատության նախարարության «Սեւան», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից:

Նրանք տեղեկացնում են, որ դիմել են նաեւ բաց նամակով հանրապետության նախագահին:
Պատճառը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ իրենց դիմումներն են, որոնք մերժվել են:
Դատապարտյալները հայտնում են, որ իրենք դիմել են անկախ հանձնաժողովին չորս, հինգ անգամ, սակայն ապարդյուն:
«Իրականում մենք բոլորս կախված ենք անկախ հանձնաժողովից: Չէ՞ որ հանձնաժողովի անդամները, առանձնապես ղեկավարները, հանդիսանում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց աշխատանքի բնույթից ելնելով չեն ցանկանում, որ նմանները դուրս գան հասարակության մեջ, այդպես էլ ավելի ապահով է: Նրանց գրպանից ամիսը 125 000 դրամ է գնում դատապարտյալներին պահելու համար, եւ այն էլ առանց աշխատանքի»,-գրում են «Սեւան» ՔԿՀ դատապարտյալները:
Իսկ ինչպես են քննարկում դատապարտյալների դիմումները:
Դատապարտյալները նկարագրում են այսպես.«Նրանցից մեկ-երկուսը գալիս են քրեակատարողական հիմնարկ: Ուղիղ երկու րոպե , առանց չափազանցնելու, լսելով դատապարտյալին, հիշեցնում են, որ անցյալում շատ դատվածություն է ունեցել: Ինչը պետք չէ հիշեցնել, քանի որ դատապարտյալը կրել է արդեն իսկ այդ պատիժը»:
Մերժում են նաեւ այն դատապարտյալներին, որոնց ազատվելու համար մնացել է օրացույցային ութ-տաս օր:
«Մանկապիղծին կարող են օգնել, որ շուտ ազատվի, իսկ դատապարտյալները, որոնք տնտեսական մասում են ընդգրկված, դրական վարք են ցույց տալիս, չեն ազատում: Դատապարտյալները դիմում են դատարաններ, որտեղ նույնպես նրանց սառնասրտորեն մերժում են»,-տեղեկացնում են դատապարտյալները:
Դատապարտյալները ուղարկել էին դատարանի մի որոշում, որտեղ դատարանը գտել էր , որ անկախ հանձնաժողովը սխալ է գործել, սակայն որոշում էր կայացրել հանձնաժողովի օգտին: Խոսքը մի դատապարտյալի մասին էր, որի ազատմանը մնացել էր վեց օր:
«Մեզ շատ է հետաքրքրում , թե արդարադատության նախարարությունը ի՞նչ է անում, որպեսզի դատապարտյալները աշխատեն քրեակատարողական հիմնարկներում, գոնե մասամբ կարողանան իրենց դեմ քաղհայցերը «փակել»: Մեր՝ դատապարտյալների հարազատներին ինչո՞ւ եք դրդում հանցագործությունների, գումար հայթայթելու համար»,-հարցնում են «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալները:
Հուլիսի 18-ին, ըստ մեր լրատվամիջոցին դիմած դատապարտյալների, պետք է տեղի ունենար մի դատական նիստ, հանձնաժողովի դեմ: Դատապարտյալը կատարել էր մեծ չափերի վերանորոգման աշխատանքներ, ուներ խրախուսանք, նրան կարելի էր ազատել…մի քանի անգամ:
Հանձնաժողովականները մերժեցին, եւ սա այն դեպքում, երբ ՔԿՀ վարչակազմը դրական բնութագիր էր տվել դատապարտյալի համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031