Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդները ավտոերթով կգան հրապարակ` Գագիկ Բեգլարյանի դեմ բողոքելու

Օգոստոս 08,2013 15:15

Օգոստոսի 16-ին մի խումբ տաքսու վարորդներ պատրաստվում են ընդդեմ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ավտոերթ անցկացնել` այդ կերպ իրենց բողոքը հայտնելով տրանսպորտի ոլորտը, Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով ասած`
«քայքայելու համար»: Ավտոերթի մասնակից տաքսիստները պահանջելու են նախարարի հրաժարականը:

Երթի մասին Երեւանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելուց հետո, երեկ Տիգրան Հովհաննիսյանին քաղաքապետարանից հրավիրել են` պարզելու բողոքող տաքսիստների երթուղին:

«Մեր երթը սկսվելու է «Էրեբունի» թանգարանից եւ, երեւի, դեռ հստակ չենք որոշել, կանցնենք Հանրապետության հրապարակով, որտեղ գտնվում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Մենք գտնում ենք, որ ոլորտի քայքայման պատճառով մեղավորն այդ նախարարությունն է: Ամեն ինչ էլ իրենց ձեռքում է, թող իրենք չկանգնեն ու կողքից նայեն: Եվ ոչ թե քաղաքապետարանում պետք է հանձնաժողով կազմեին մեր հարցերը քննարկելու, այլ հենց նախարարությունում: Նախարարությունն է այդ որոշումները, օրենքները մշակողը: Ես իրենց հստակ մշակված հայեցակարգ եմ առաջարկում, իրենք ընկել են արտասահմաններում դոնոր են ման գալիս, որ այդ դոնորների միջոցով ինչ-որ ստից-մտից փոփոխություններ անեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հովհաննիսյանը: Վարորդների դժգոհության պատճառ են դարձել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկների սխալ աշխատանքը, ճանապարհների ոչ ճիշտ գծանշումները, տաքսիների դեղին-սպիտակ պետհամարանիշների տարբերությունը եւ տեխնիկական մի շարք այլ հարցեր, որոնք, պարոն Հովհաննիսյանի խոսքերով, ոչ իրենց մեղքով, տաքսիստներին խնդիրների ու տուգանքների առաջ են կանգնեցնում:
«Գագիկ Բեգլարյանն իրա համար գնացել է Մարոկկո՝ հանգստանում է, մենք էլ պիտի գնանք ոստիկանության, քաղաքապետարանի դիմաց ցո՞ւյց անենք: Պահանջում ենք նոր հայեցակարգ, դիսպետչերական ծառայություն, բուժզննում, տեխզննում եւ այլ կարեւոր հարցերում փոփոխություններ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031