Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցու ներսում ներկլանային պայքար է».Ստեփան Դանիելյանը՝ վերջին շրջանի «հոգեւոր» աժիոտաժի մասին

Օգոստոս 16,2013 16:19

Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը:

Aravot.am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանից մեկնաբանություն խնդրեց նամակի վերաբերյալ, արդյոք աղմկահարույց նամակը վկայո՞ւմ է այն մասին, որ եկեղեցու ներսում առողջացման գործընթաց է գնում:

«Իմ կարծիքով՝ եկեղեցում ձեւավորվել է մի քանի կլան, եւ ըստ էության՝ երկու հիմնական կլան, որոնց միջեւ էլ պայքար է ընթանում, սակայն այդ պայքարն, ըստ իս, չունի որոշակի գաղափարական, աստվածաբանական կամ դավանաբանական հիմք, այդ պայքարի մեջ չկան գաղափարներ, որոնք տանում են ռեֆորմի, ինձ թվում է՝ սա ուղղակի ներկլանային պայքար է, ո՛չ ավելին: Որովհետեւ երկու կողմերում էլ կան ե՛ւ ազնիվ հոգեւորականներ, ե՛ւ շատ կասկածելի վարքով մարդիկ: Տվյալ պարագայում, պայքարը գնում է անձերի միջեւ եւ ոչ թե որեւէ գաղափարի կամ բարեփոխումների շուրջ: Այդ առումով ես այդ ամենի մեջ որեւէ առողջացման միտում չեմ տեսնում: Սակայն այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցում, արդեն պետք է հրապարակային բնույթ ստանա, եւ մարդիկ, եւ հասարակությունը փորձեն այդ հրապարակային քննարկումների միջոցով ստանալ դիսկուրս»:

Իսկ արդյո՞ք ինքնաբուխ է երիտասարդական հ/կ-ների ընդվզումը: Այս մասին էլ պարոն Դանիելյանն ասաց. «Իհարկե մենք չենք կարող ասել՝ դա ինքնաբուխ է կամ ուղղորդված, սակայն մի հստակ միտում կա. կան որոշակի հասարակական շարժումներ, ԶԼՄ-ներ, որոնք ուղղակի ուղղորդվում են եկեղեցու այս կամ այն թեւի կողմից եւ նրանց նպատակը մի կողմից միմյանց վարկաբեկելն է, մյուս կողմից՝ հասարակությանը ներեկեղեցական խնդիրներից շեղելը «աղանդավորների» դեմ պայքարով, կամ նման այլ հակասահմանադրական գաղափարներով, որոնց համար նաեւ քրեական հոդվածներ են նախատեսված: Բոլորս գիտենք, որ շատ դեպքերում շատ հարցեր եկեղեցու կողմից են ուղղորդվում, եւ ունենալով նման ներուժ եւ հնարավորություններ, հավանաբար նրանք դա կօգտագործեն նաեւ ինքնապաշտպանվելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031