Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է մամուլում հեղինակային իրավունքների պաշտպանությանը միտված նախաձեռնությունը

Օգոստոս 30,2013 22:39

Օգոստոսի 30-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

Մասնավորապես՝ ըստ ԱԺ պաշտոնական կայքի, պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը, նախատեսվում է սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների, ինչպես նաեւ՝ ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը:

Փոփոխությունների ընդունման արդյունքում պարտադիր կդառնա լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղում կատարելը եւ էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ՝ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշումը: Հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունները կնպաստեն հեղինակային իրավունքների առավել պաշտպանությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

Նա եւ օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում են որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները այն խախտումը, որը տեղի է ունենում ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ: Առաջարկվում է նաեւ նույն՝ խիստ պատժամիջոցը նախատեսել նաեւ այն անձանց համար, ովքեր կլքեն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նման կարգավորումը նպատակ ունի կանխելու լայն տարածում ստացած այն դեպքերը, երբ վարորդները, խուսափելով առավել բարձր պատասխանատվությունից, դիտավորյալ լքում են պատահարի վայրը հարբածությունը թաքցնելու համար եւ հետագայում այդ նյութերի ազդեցությունն անցնելուց հետո կամովին ներկայանում են իրավապահ մարմիններին:

Այնուհետ ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ պատճառաբանվածության աստիճանը, բարելավել դատական ծանուցումները, կատարելագործել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը եւ այլն:

Հաջորդ՝ «ՀՀ տոներրի եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, նշել նաեւ որպես պետական խորհրդանիշերի օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031