«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ սերբ ռեժիսոր Սրջան Դրագոևիչի «Պարադա» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում:
Քննարկման բանախոսներն էին կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը և ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
Րաֆֆի Մովսիսյանի կարծիքով` «Պարադա»-ն վերջին 10 տարիների ընթացքում նկարահանված լավագույն կատակերգություններից մեկն է: Կինոքննադատի փոխանցմամբ` Սրջան Դրագոևիչը հիմնականում նկարահանել է փոքր բյուջեով, պատմական ժանրի ֆիլմեր և սա դեռևս այն ֆիլմն է, որ նրան ամենամեծ համբավը բերեց, թե´ փառատոների շրջանակում, թե´ որպես դրամարկղային ֆիլմ:
«Սրջան Դրագոևիչը այսպես կոչված «բալկանյան» ոճի ակնառու ներկայացուցիչներից է: Նա կարծես ասի. եվրոպացինե´ր, դուք սերբերի մասին ունեք որոշակի ստերեոտիպներ: Հիմա մենք ձեզ ցույց կտանք այդ ստերեոտիպերը, բայց` ցույց կտանք ավելի ծայրահեղացված ձևով», մեկնաբանում է Վարդան Ջալոյանը:
«Ափսոսում եմ, որ հանդիսատեսը քիչ էր, և ցուցադրությունը փակ էր` հանրության համար, քանի որ ֆիլմն իրոք լավն է և կարևոր թեմայի է անդրադառնում: Ինչպես գիտենք ԼԳԲՏ խնդիրների շուրջ ձևավորված հանրային վերաբերմունքը Հայաստանում դեռևս խիստ վիճելի է, այս ոլորտում շատ է կողմնակալությունը, որը կարող է լուծվել միայն հանրային երկխոսության, քննարկման միջոցով», կարծիք հայտնեց Մարիա Դոցենկոն:
Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք գտնել այստեղ
Սրջան Դրագոևիչի Ֆիլմում արտացոլված են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հանդեպ անհանդուրժողականությունը, այլատյացությունը և սոցիալական ագրեսիան:
2012թ.-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ ֆիլմը մի քանի անգամ փորձել են ներկայացնել հանրային ցուցադրությամբ: Ցուցադրությունները, որ ի սկզբանե նախատեսված էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, հետաձգվեցին` հասարակական ճնշումների պատճառով:
Ֆիլմի ցուցադրության խափանումից հետո հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ որտեղ անհանգստություն և վրդովմունք էին հայտնում ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումների, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ և պահանջում, որպեսզի ՀՀ կառավարությունը երաշխավորի միջոցառման անվտանգ իրականացումը:
Ֆիլմը «Մեդիա կենտրոն»-ին ցուցադրության համար տրամադրել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:


















































