Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատավարությունը վերածվեց իսկական դժոխքի

Սեպտեմբեր 11,2013 20:34

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատարանը հրապարակելու էր այն տեսաերիզները, որոնք հիմք ընդունելով մարդասպանության մեջ կասկածում են Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին: Սակայն մոտ 4 ժամ ձգձգվեց տեսաերիզների ցուցադրումը. 2 ժամ շարունակ դատարանը սպասում էր, թե ինչ տեղեկություններ կբերեն ոստիկանները բերման ենթարկված վկաների մասին:

P1232449

Հիշեցնենք, որ բերման ենթարկելու որոշում էր կայացվել 3 վկաների նկատմամբ, նրանցից մեկը`Կարեն Եսայանի մանկության ընկերն է`Ռոման Ղարաքեշիշյանը, ով, ըստ ոստիկանության արձանագրության, հանգստանում է Ծաղկաձորում, մինչդեռ փաստաբան Լուսինե Սահակյանի տվյալներով, նա այսօր կանգած է եղել  իր խանութի դիմաց, որը սակայն չեն ուզում տեսնել ոստիկանները: Մյուս վկայի` Օհաննա Մացոյանի դուռը դարձյալ փակ է եղել, ու ոստիկանները չեն կարողացել որևէ տեղեկություն ճշտել: Դատարանը որոշեց տեսաերիզները ցուցադրել առանց այս վկաների: Դատարանում վիճաբանություն ծագեց տեսաերիզների ցուցադրման շուրջ. բանն այն է, որ դատախազ Արմեն Մարուքյանը առաջարկում էր դրանք ցուցադրել ոչ ամբողջական, հատվածաբար, քանի որ ինքը փորձաքննական եզրակացություն է առաջարկել, փորձագետներն էլ քննիչի ներկայությամբ առանձնացրել են այս գործին առնչվող մասերը: Սա զայրացրեց Հարություն Սարգսյանի փաստաբաններին, ովքեր պնդեցին, որ տեսաերիզները պիտի ցուցադրվեն ոչ թե առանձին ֆայլերով, այլ ամբողջությամբ`լազերային սկավառակով: « Հարգելի դատարան, դուք մայր ապացույցը թողած, ածանցյալ ապացույցն եք հետազոտո՞ւմ »,- ասաց Լուսինե Սահակյանը: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելիքյանն էլ իր հերթին նետեց, թե տեսաերիզում կան գիշերային պահեր, որոնք առնչություն չունեն գործի հետ, սակայն եթե փաստաբանական կողմը այդպես է ուզում, իրենք դեմ չեն:

Նշենք, որ տեսաերիզները գազալցակայանից ու ավտոլվացման կետից էին, որտեղից օգտվել էր Կարեն Եսայանը, և որտեղ նկարահանող սարքեր են եղել: Դատարանում 6 լազերային սկավառակներ կային, սակայն պարզվեց, որ 1-ին ձայնագրող սարքը անսարքին վիճակում է, 2-րդ ձայնագրող սարքը ևս չէր բացվում դիտելու համար: Դատարանը մասնագետ հրավիրեց դրսի տեխնիկայի խանութներից մեկից: Երբ սկսվեց տեսաերիզներից մեկի ցուցադրումը, որը նկարահանված էր այն գազալցակայանից, որից օգտվել էր Կարեն Եսայանը, դատարանը վերածվեց իսկական դժոխքի. սկսվեցին հնչեցնել անեծքներ, փոխադարձ վիրավորանքներ:

P1232450

Սպանված Կարեն Եսայանի մայրը, տեսաերիզում տեսնելով իր որդու ավտոմեքենան, սկսեց հեկեկալով լաց լինել ու անիծել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Ամբաստանյալը իր հերթին պահանջում էր ցույց տալ, թե տեսաերիզում որտեղ է ինքը: «Հարգելի դատավոր, դուք ցույց տվեք` ես երևո՞ւմ եմ, կա՞մ այդ տեսաերիզում»:

Այս խոսակցությանը միջամտեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելիքյանը, Հարություն Սարգսյանն էլ, դառնալով նրան, հակադարձեց. «Միգուցե դո՞ւ ես այդ տեսաերիզում»: Անահիտ Իսկանդարյանը իր հերթին մեկնաբանում էր տեսաերիզը` մատնացույց անելով` սա Հակոբ Կարապետյանն է, այն կաղ տղան, ով կանգնեցնում է Կարենի մեքենան, Հարություն Սարգսյանն էլ գնում ու նստում է Կարեն Եսայանի կողքին: Լուսինե Սահակյանը զայրացավ ` նկատելով, որ տեսաերիզում չի երևում անգամ մոտեցողը կի՞ն է, թե՞ տղամարդ, ինչի՞ց որոշեցին, որ Հակոբ Կարապետյանն է: Մի խոսքով, բոլորը միաժամանակ գոռում էին, միմյանց վիրավորում, բանը հասավ նրան, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի շահերը ներկայացնող Արմեն Մելիքյանը  Լուսինե Սահակյանին անձնական վիրավորանքներ հասցրեց` գոռալով. «Շատ չմնաց պապայիդ պաշտոնավարմանը»: Դատարանում կողմերը միմյանց անգամ շուն, դև անվանեցին: Անահիտ Իսկանդարյանը բորբոքվեց` ասելով, որ փաստաբան Լուսինե Սահակյանն է խոսում ամբողջ դատի ընթացքում, շանս չի տալիս իրենք էլ արտահայտվեն: Անահիտ Իսկանդարյանի շահերը ներկայացնող Արմեն Մելիքյանն էլ , դառնալով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, ասաց. «Լենինականում էլ հաչող շուն չէր մնացել»: Վերջինս էլ իր հերթին նրան հակադարձեց, թե «շունն էլ ես դու, դևն էլ»:

Սա առիթ դարձավ, որպեսզի Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն ներկայացնի Հարություն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Նա պահանջեց  դատը 40 րոպեով ընդմիջել, որպեսզի ներկայացնի իր միջնորդությունը: Այնպիսի մի աղմուկ սկսվեց դատարանում, որ այլևս հայտնի չէր, ով ում ինչ էր ասում:

Անահիտ Իսկանդարյանը զայրացավ այն բանից հետո, երբ ամբաստանյալը ինչ-որ բան ասաց, նա էլ վրա հասավ` գոռալով: Ամբաստանյալին դատարանի դահլիճից  մի կերպ դուրս տարան ոստիկանները: Խառնաշփոթը տեղափոխվեց միջանցք. Կարեն Եսայանի մայրը, տեսնելով ամբաստանյալի հորը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին` գոռաց. «Թո՜ւ` քեզ մարդ ասողին» ու թքելով նրա ուղղությամբ`հեռացավ: Դատարանը որոշեց Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին, այն նշանակվեց ամսի 17-ին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարինե Ս. says:

    Բայց ինչու չկա իմ երկտողը? ես ձեր խմբագրության մատնանշած որևէ նորմ չեմ խախտել, գրել եմ իմ կարծիքը առանց վիրավորանքի, շատ ավելի կոռեկտ եմ գրել, քան պահանջում էր այս պրոցեսը?

  2. Նարինե Ս. says:

    Հարգելի Աննա, ոչ մի վիրավորանք էլ չկա, ուղղակի ես Ձեր տեղդրած նյութի հիման վրա գրել եմ երկտող, եթե Դուք վերապահումներ ունեք այդ երկտողի նկատմամբ, ապա մի թողեք, որ գրվի այնպիսի նյութ, որի տրամաբանական շարունակությունը կլինեն երկտողեր , որոնք պարզապես Ձեչր սրտով չեն:Դուք էլ վախենում եք Լուսինե Սահակյանից ու նրա աղմկահարույց ամուսնուց, ով , ըստ իմ ունեցած տվյալների, վճարվում է, որ աղմուկ բարձրացնի:Իսկ իմ երկտողը իմ կարծիքն է, որը որևէ վիրավորանք չի պարունակել, կամ կարող է պարունակել է այնքան, որքան վերևում գրված նյութը:Դուք ուղղակի վախենում եք, որ Լուսինե Սահակյանի հետ Դուք էլ մի օր դատարանում կհանդիպեք ու չեք կարողանա ապացուցել ճշմարիտը այնպես, ինչպես տիկին Անահիտը:Ամեն բան պարզ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30