Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Կոմայգու գործունեության հետ կապված: Նա ասաց, որ Կոմայգում կանգնողներին, երբ ծեծում են, ծեծողներն են պատժվում. «Դրանք չեն եվրոպական արժեքները, դա ընդամենը այլասերվածություն է»:
Այսօր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Կոմայգում տիրող իրավիճակի մասին, ասաց, որ պետական, իշխանական մակարդակով միջամտություններ չեն արվում. «Այդ երեւույթն ինքնին հասարակությունը դատապարտում է: Դա նողկալի երեւույթ է տեսնել մարդուն ինքնահաստատման ճանապարհի մեջ այսպիսի դրսեւորումներով: Ես չեմ հավատում նույնիսկ, որ մարդիկ այդպես են մտածում եւ այդպես ապրում են: Իմ կարծիքով որոշ իմաստով դա ցուցադրություն է, որոշ իմաստով փորձում են ինչ-որ դաշտ ստեղծել կամ ինքնահաստատման ճանապարհ փնտրելու մեջ նաեւ այդպիսի բաներ են անում»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է որոշ պաշտոնյաներ ներքաշված են դրա մեջ, ու դա է պատճառը, որ լուրջ պայքար չեն տանում Կոմայգու գործունեության դեմ՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, չի բացառվում ոչինչ: Ես անձնապես չեմ կարող վկայել ու հաստատել դրա մասին, քանի որ փաստ չունեմ, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»:
Բագրատ սրբազանը, որպես վկայություն բերեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունումը. «Ընդհանրապես ամեն ինչի ակունքը, հիմքը տնտեսական մտածողությունն է, որ նյութական շահի տեսակետից կարողանան հասարակության մեջ ամրության ոլորտներ հաստատել»:
Կարդացեք նաև
Ընտանիքի, երեխաների եւ գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն Կոմայգին չէ խնդիրը. «Երբ մենք հրաժարվում ենք բարոյական նորմերին ենթարկվելուց, այդ անսահման եւ սանձարձակ ազատությունը տանում է դեպի քաղաքակրթության, ազգի կործանում, որը դեմ է մարդկային օրենքներին, Աստծո եւ բնության օրենքներին: Մենք այդ վտանգի առջեւ ենք կանգնած: Ստացվում է, որ չարագուշակ կանխատեսումները քաղաքակրթության ավարտի վերաբերյալ , մենք դրա ժամանակակիցն ենք դառնում, իսկ հասարակությունը, կարծես, հիպնոսի մեջ լինի, չի տեսնում այդ վտանգները: Իրական պատերազմը թշնամու հետ շատ ավելի փոքր վտանգ է, քան այն, որ մեծ օվկիանոսները իրենց կեղտոտ ջրով կարող են լվանալ մեր պես փոքր ազգերին ու տանել»:
Աստվածաբանության պատվավոր դոկտոր Սամվել Նավոյանն ասաց, որ Կոմայգու հարցով իրենք դիմել են նախագահին, 40-45 նամակներ են ուղարկել. «Մեկ անգամ, երբ մամուլում տեղեկատվություն եղավ, որ Գրիգոր Լուսավորչի տարածքում էլ մանկապղծության գաղտնի մաֆիա կա, մենք նամակ ուղղեցինք անգամ դատախազին: Դատախազությունից այդ մաֆիայի վերաբերյալ եկավ պատասխան, որ դա չի հաստատվել, իսկ Կոմայգու հետ կապված նամակները մնում են անպատասխան: Այդ մասին որեւէ պատասխան մենք դեռ չենք ստացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































