Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ջազ համերգի են մասնակցում նաև 83-ամյա տատիկները

Նոյեմբեր 09,2013 19:54

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  Հայաստանի պետական ջազ նվագախմբի  ու հայ հայտնի ջազմենների`Արմեն Թութունջյանի`Չիկոյի, Լևոն Մալխասյանի, Արմեն Հյուսնունցի, Հայաստանի գլխավոր «կատվի»`Վահագն Հայրապետյանի  մասնակցությամբ   նշվեց հայաստանյան ջազի հիմնադրման 75-ամյակը: Մոտ 3 ժամ տևած համերգի դահլիճն այնքան լեցուն էր, գյումրեցիներն այնպես էին գնահատում կատարողներին, որ համերգը վարող Կարեն Քոչարյանը իր հերթին  սկսեց բնութագրել գյումրեցի հանդիսատեսին:1394872_724657994242822_1443923283_n (1)

«Գյումրիում տեղի ունեցած նախորդ  ջազ համերգի ժամանակ 83 տարեկան մի տատիկ էր եկել ունկնդրելու, եթե նա հիմա դահլիճում է , ես ողջունում եմ նրան: Այսպիսին է գյումրեցի հանդիսատեսը…Գյումրեցիները այսօր փաստեցին, որ ջազը ունի երկու մայրաքաղաք`Երևանը և Գյումրին »,- ասաց հաղորդավարը:1394872_724657994242822_1443923283_n

Նշենք, որ Գյումրիում ևս ջազ ակումբ է գործում, այն  հիմնադրել է Մկրտիչ Մանուկյանը ու պարբարաբար ջազային համերգներ է կազմակերպում:

Հիշեցնենք, որ այս ակումբը կազմակերպելու էր  նաև Շուշան Պետրոսյանի ջազ համերգը Գյումրիում, որը  հետընտրական  թոհուբոհի  պատճառով  այդպես էլ չստացվեց. գյումրեցի հանդիսատեսը չուզեց  հյուրընկալել ՀՀԿ-ական պատգամավորին, Շուշան Պետրոսյանն էլ իր հերթին հետաձգեց  Գյումրու համերգը:

Ինչևէ, Գյումրու ջազ ակումբը  հրատարակում է նաև  «Ջազ ինֆո» ամսաթերթը, որը նորություն է հայաստանյան ջազի պատմության մեջ: Երեկ նշվեց նաև «Գյումրին և ջազը» նախագծի հիմնադրման մեկ տարին:

Մինչ համերգի սկսվելը  սիրված ջազմենները մամուլի ասուլիս տվեցին` ներկայացնելով հայաստանյան ջազի պատմությունը: Այն ներկայացրեց Արմեն Թութունջյանը`Չիկոն, որը գիրք է գրել` նվիրված հայ ջազի պատմությանը և այն հրատարակվելու ընթացքի մեջ է: «Ես պաշտպանեցի թեկնածուական իմ թեզը, որը այդպես էլ կոչվում էր «Ջազը Հայաստանում»: Դա, հավատացեք, ես տիտղոսի համար չեմ արել, ես դրանով ավելի շատ ուզում էի կարևորել ջազը մեր հայկական երաժշտական մշակույթում և ուզում էի, որ մեր երաժշտագիտական հասարակությունը, վերջապես, պարզ, կոնկրետ հասկանա, որ մի հսկայական շերտ մեր երաժշտական մշակույթից սկսվել է 38 թվականից: Մենք այդպես ենք համարում, իհարկե դա միանգամից մի օրում, մի րոպեում չի եղել, 36-ից արդեն էդ երաժշտության առաջին հնչյունները, որը պայմանականորեն ձևով ենք անվանել ջազ: Եվ երբ պետական նվագախումբը  ապրիլի 1-ից հրամանով գործեց, դա ենք մենք վերցնում մեր ջազի ծնունդը: Ջազ բառը եղել է պայմանական, դա էլ խնդրում ենք, որ ընդունենք ի գիտություն, որովհետև էդ  ժամանակ էդ  նվագախմբերը այդպես էին կոչվում, աշխարհով մեկ կային նվագախմբեր, որոնք ջազ չէին նվագում», -ասաց  Արմեն Թութունջյանը:

Ջազմենները խոսեցին նաև հետխորհրդային տարիների հայաստանյան ջազի մասին: Նրանք ասացին, որ հայաստանյան ջազի պատմությունը երբեք չի ընդհատվել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930