Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ․ «Քաղաքապետարանը ցույց է տալիս, որ ոչ մի կապ չունի հանրության հետ»

Նոյեմբեր 11,2013 19:26 Share

Քաղաքապետարանը տրանսպորտի 100 դրամ սակագնի պահպանման կողմնակիցներին դեկտեմբերի 12-ին հրավիրում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին մասնակցել:

«Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը: Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին»,- այս բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել քաղաքապետարանը:

Aravot.am-ը ակտիվիստ Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց պատրաստվո՞ւմ են մասնակցել մրցույթին ու մասնակցությունն արդյո՞ք իրենց պնդումների իրավացիությունն ապացուցելու լավ տարբերակ է: «Քաղաքապետարանը ինչպես միշտ ցույց է տալիս, որ ոչ մի կապ չունի հանրության հետ, ում համար պետք է ծառայի և հեգնական հայտարարություններ է անում։ Ուղղակի ծիծաղելի է, այդ մրցույթի հարցը, բոլորն էլ գիտեն, թե ոնց են այդ մրցույթներն անցկացվում, կա անմիջական կապ գծատերերի և քաղաքապետարանի միջև և ուղղակի արհեստական ստեղծում են այդ վիճակը, նաև տրանսպորտի հաճախություն ու սպասարկման որակն են վատացրել։ Ի՞նչ է նշանակում, եթե հիմնավորում եք, որ 100 դրամով հնարավոր է սպասարկել, պետք է գաք մասնակցեք։ Սա ուղղակի հերթական հանրապետական ուղեղի արտադրանքն է։ Եթե մասնագետը հաշվարկ է անում, ապա պետք է ինքն էլ շահագործի՞, որ իր հաշվարկն ապացուցի։ Քաղաքացիները ինչո՞վ մասնակցեն այդ մրցույթին, իրենց սեփական մեքենաներո՞վ, թե՞ առանց մեքենա, ոտքո՞վ, թե՞ բոլորը գործարար ներդրողներ են։ Նաև այդ բիզնեսը յուրայինների համար է, և պարզ է, թե ինչ պայմաններ կստեղծեն օտարների համար։ Կարծում եմ սա, վերջերս քաղաքացիներին «ուռոդ, տականքներ» անվանած, Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Արթուր Գևորգյանի գրածն է, ով առաջին անգամ չէ հանդես գալիս անհարգալից վերաբերմունքով հանրության հանդեպ…Մի օր այս բոլորին հանրությունը պատասխանատվության է ենթարկելու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930