Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը Գյումրիի եղեւնիների փոխարեն դատարկ փոսեր մնալու թեման չի մեկնաբանում

Դեկտեմբեր 05,2013 23:08

Մոտ մեկուկես ժամ տեւած եւ քիչ առաջ ավարտված ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստին որեւէ արտառոց թեմա չի քննարկվել:

Լրագրողները, մատնանշելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո Գյումրիի թատրոնի շենքի մոտ դատարկ մնացած փոսերը, որտեղ Պուտինի այցի օրը եղեւնիներ են կանգնեցված եղել, հետաքրքրվեցին, թե արդյոք Պուտինի այցի հետ կապված ձեւական մասը շատ չի եղել: Պարոն Շարմազանովն ասաց, որի ինքը ձեւն ու ձեւաչափը չի մեկնաբանում, այլ՝ բովանդակությունը. «Բովանդակության առումով Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, արդյունավետ էր եւ աննախադեպ»:

Aravot.am-ի հարցին, թե այսօրվա նիստում քննարկվե՞ց կենսաթոշակային բարեփոխումների հարցը, հատկապես, որ այդ բարեփոխումները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել մեր քաղաքացիների շրջանում, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Որեւէ բան չի քննարկվել, քանի որ դա նախկինում մենք քննարկել ենք 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի նիստ, որտեղ Բարգավաճ Հայաստանը, Օրինաց երկիրը եւ ՀՀԿ-ն կողմ են քվեարկել, կողմ են քվեարկել 69 պատգամավոր: Ես չեմ բացառում, որ ցանկացած նախագծին կլինեն դեմ եւ կողմ մարդիկ, ցանկացած ժողովրդավարական երկրում կա հասարակության մի ստվար զանգված, որը կամ դեմ է կամ կողմ է, եւ չկա որեւէ օրենք, որ հասարակության բոլոր անդամները կողմ լինեն, ուստի հարգանքով եմ վերաբերվում բոլոր բողոքավոր քաղաքացիներին, բայց այդ հարցի քննարկումը տեղի է ունեցել, մենք ըմբռնումով ենք մոտենում այդ մտահոգություններին, այո, խնդիրը կարող է, որ ոչ միանշանակ ընդունվեր, քանի որ կենսաթոշակային մեծ բարեփոխում է իրականացվում, գիտեք, ցանկացած բարեփոխում հենց այնպես հարթ չի անցնում»:

Մեր այն դիտարկմանը, թե խոսքը նաեւ օրենքում տեղ գտած թերությունների մասին է, պարոն Շարմազանովն ասաց. «Ես կարծում են, որ օրենսդրական աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ մշտապես հնարավորություն կա բարեփոխելու նաեւ ընդունված օրենքները»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վիլնյուս այցելությանը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Թե՛ պարոն նախագահի այցը Վիլնյուս, թե՛ Պուտինի այցը, ցույց տվեցին երկու կարեւոր սկզբունք, առաջինը այն է, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության բարեփոխումները, մարդու իրավունքների ընդլայնումը, բազմակարծության ընդլայնումը մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրներն են: Եվ մենք շարունակելու ենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը, դա փաստ է: Երկրորդը, Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից հետո աննախադեպ էին արդյունքները, որովհետեւ ստորագրվեց 12 միջպետական պայմանագիր, մենք տեսանք, որ թե՛ անվտանգության առումով, թե՛ տնտեսության առումով, թե՛ սոցիալական խնդիրների առումով բավականին առաջընթաց սպասելի է, եւ եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը ըմբռնում ունի թե Բրյուսելում, եւ թե Մոսկվայում»:

Հարցին էլ, թե ՌԴ նախագահի այցի ժամանակ խախտվել է լեզվի մասին օրենքը, քանի որ նախագահները ռուսերենով են ելույթ ունեցել, եւ թարգմանություն չի եղել, պարոն Շարմազանովը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ դա լեզվի մասին օրենքի խախտում է»: Ըստ նրա՝ «առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները եւ նրանց նախագահները այցելում են մեր հանրապետություն, եւ ասուլիսները լինում են ռուսերեն»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031