Այսօր Մարիոթ հյուրանոցի դիմաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին սպասող ակտիվիստները հիասթափվեցին եւ զայրացան, երբ իմացան, որ հյուրանոցում Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի խորհրդի Արտաքին գործերի նախարարների նիստին թուրք պաշտոնյան հյուրանոցի հետնամուտքով է ներս մտել:
Սկսվեց իրարանցում, ակտիվիստները հրում էին ոստիկաններին` հյուրանոց մտնելու համար ու ամոթանք էին տալիս եւ Ահմեդ Դավութօղլուին եւ նրան հետնամուտքով տանողներին:
«Գյուլին էլ ուրիշ ճամփով բերեցին, ձեռագիր է դարձել արդեն: Ի՞նչ է չենք կարող մեր բողոքը հայտնել դրանց: Խայտառակություն է. Իրենց ժողովրդին արհամարհում են… վտանգ չեն տեսնում, պարզապես ուզում են` Դավութօղլուն իրեն լավ զգա, նրա հետ ասելիք, խոսելիք ունեն»,- ասաց ակտիվիստներից մեկը:
Ակտիվիստ Գերասիմ Վարդանյանն էլ կոչ արեց չզարմանալ, որովհետեւ. «Թուրք իշխանավորները միշտ էլ հետնամուտքերով են ման գալու, միշտ էլ փախեփախ են ման գալու: Պահանջում ենք ցեղասպանության ճանաչում եւ հատուցում` իրավական բոլոր եղանակներով… եթե միջազգային հանրությունը մեր իրավունքները չպաշտպանեց, մենք զենքով կպաշտպանենք: Ամո’թ Թուրքիային»:
Կարդացեք նաև
Դավութօղլուին տեսնելու հույսը կորցրած ակտիվիստները որոշեցին հեռանալ, բայց հայտարարեցին, որ էլի են գալու, եթե անհրաժեշտ լինի:
Իսկ հեռանալուց առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք վերադառնալու ենք, գալու ենք մեր պապերի հայրենիք ու ապրելու ենք այդ հայրենիքում: Իսկ դուք` որ ծախել եք մեր հայրենիքը, նահանջելու եք: Դուք այստեղ եք հյուրի կարգավիճակում, բայց ձեր հայտարարություններին հետեւում է մեր պահանջը, գալու ենք եւ ապրելու մեր հայրենիքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































